Վենեսուելայի զինուժը ոչնչացրել է իր օդային տարածք ներխուժած ինքնաթիռը

Վենեսուելայի զինվորականները խոցել են Կոլումբիայի հետ սահմանին թռիչքներ կատարող ինքնաթիռ, որը, վենեսուելական կողմի հավաստիացմամբ, առանց թույլտվության մուտք է գործել իր օդային տարածք։

Cessna ընկերության արտադրած ինքնաթիռի մնացորդները Վենեսուելայում

Cessna ընկերության արտադրած ինքնաթիռի մնացորդները Վենեսուելայում

Ինչպես հաղորդում է Վենեսուելայի պետական հեռուստաընկերությունը, երկրի ռազմավարական հրամանատարության ղեկավար Վլադիմիր Լոպեզը հայտարարել է՝ դեռևս տվյալներ չունեն, թե ում է պատկանում ինքնաթիռը, հայտնի է միայն, որ այն ամերիկյան Cessna («Սեսնա») ընկերության արտադրած ինքնաթիռներից է։ Դեռևս ոչ մի պետություն չի հաղորդել, որ ոչնչացված ինքնաթիռն իրենն է։

Այդուհանդերձ, Վենեսուելայի հեռուստաընկերությունը ցուցադրել է կադրեր, որտեղից երևում է՝ ընկած ու այրված ինքնաթիռից միայն պոչամասն է մնացել։ Ինքնաթիռի վրա պատկանելության նշաններ կամ համարներ չեն երևում։ Վենեսուելայի իշխանություններն ընդգծել են՝ խոցված ինքնաթիռը թռիչքներ էր կատարում Ապուր նահանգի օդային տարածքում, որտեղով էլ սովորաբար հարավամերիկյան թմրաբիզնեսի ներկայացուցիչները Կոլումբիայից դեպի ԱՄՆ են հասնում։ Ենթադրվում է, որ խփված Cessna-ն կարող էր թմրանյութեր տեղափոխել։

Հիշեցնենք, որ 2013-ի վերջին Վենեսուելայում գործում է օրենք, որի համաձայն՝ զինվորականներն իրավունք ունեն ոչնչացնել ցանկացած ինքնաթիռ, որը կասկածվում է թմրանյութերի տեղափոխման համար։ 2013-ի նոյեմբերին Վենեսուելայի զինուժը ոչնչացրել էր Մեքսիկային պատկանող մի ինքնաթիռ վերոհիշյալ շրջանում։ Մեքսիկան պահանջել էր անհապաղ հետաքննել միջադեպը, սակայն մինչ օրս հետաքննություն չի եղել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *