Սուխոյ ընկերության 6 միավոր Սու-30Կ կործանիչ կարող է դառնալ պահեստամաս

Ռուսաստանյան «Սուխոյ» ավիաշինական ընկերությունը մտադիր է Բելառուսի Բառանովիչի ավիանորոգման գործարանում գտնվող 6 միավոր Սու-30Կ կործանիչներն օգտագործել որպես պահեստամաս, եթե մոտ ապագայում չհաջողվի դրանց համար գտնել գնորդ։ Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում անելով սպառազինության արտահանման Ռոսօբոռոնէքսպորտ միջնորդ ընկերության իր աղբյուրներին։

Su-30 կործանիչի վեցյակ. ՌԴ ՌՕՈւ

Su-30 կործանիչի վեցյակ. ՌԴ ՌՕՈւ

Ներկայումս Բառանովիչիում տեղակայված 558-րդ ավիանորոգման գործարանում կա 18 միավոր Սու-30Կ կործանիչ, որից 12-ն արդեն ունեն իրենց գնորդը։ Ըստ նախնական պայմանավորվածության, Ռուսաստանը 1 միլիարդ դոլարի վարկ կտրամադրի Անգոլային, որի մի մասը կօգտագործվի կործանիչների գնումը վճարելու համար։ Նշվում է, որ Սու-30Կ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Անգոլա կհասնի արդեն 2015-ին։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես 18 միավոր կործանիչը դարձավ ավելացած արտադրանք, ապա անդրադառնալով նախապատմությանը նշենք, որ դեռևս 1996-ին Ռուսաստանի և Հնդկաստանի միջև կնքվեց 18 միավոր Սու-30ՄԿԻ կործանիչի մատակարարման պայմանագիր, սակայն ռուսաստանյան կողմը, տեսնելով, որ չի տեղավորվում ժամանակացույցի մեջ, որոշեց որպես փոխարինող միջոց ժամանակավորապես տրամադրել 18 միավոր Սու-30Կ, որոնք պատվիրատուին հասան 1997-1999 թվականներին։

Հետագայում արդեն, երբ պայմանագրում նշված Սու-30ՄԿԻ ինքնաթիռները պատրաստ էին, կատարվեց փոխանակում, իսկ վերադարձված Սու-30Կ կործանիչների համար Սուխոյ ընկերությունում սկսեցին փնտրել նոր գնորդ։ Բելառուսի Բառանովիչի ավիանորոգման գործարանում օգտագործված ինքնաթիռները հայտնվեցին նորոգման և հավանական նոր գնորդների համար պատճաշ վիճակի բերվելու նպատակով ու, փաստացի, մինչ օրս էլ շարունակում են մնալ այնտեղ։

Ռուսաստանյան արտադրության Սու-30 կործանիչը շահագործվում է 1992-ից։ Մինչ օրս արտադրվել է դրա ավելի քան 465 օրինակ։ Ինքնաթիռը կարող է զարգացնել մինչև 2 125 կմ/ժ առավելագույն արագություն, մեկ լիցքավորմամբ անցնել 3 000 կմ տարածություն։ Սպառազինությունում Սու-30-նն ունի 30 մմ-անոց ավիացիոն 1 հրանոթ և ամրակցման 12 կետ՝ նախատեսված ազատ անկման ռումբերի և կառավարվող հրթիռների համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *