Չեխիան կարող է արտոնագրել զինամթերքի մատակարարումն Իրաքի քրդերին

Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է արտահանման արտոնագրեր տրամադրել տեղական այն ընկերություններին, որոնք հրազեն և զինամթերք կմատակարարեն Իրաքյան Քրդստանի կառավարությանը։ Հայտարարությունում նշվում է, որ նման կերպ Չեխիայի Հանրապետությունը ցանկանում է իր ներդրումն ունենալ «Իսլամական պետություն» (նախկինում Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն) իսլամիստական խմբավորման դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է Defensenews ռազմական լրատվակայքը։

Չեխիայի արտգործնախարարության շենքը

Չեխիայի արտգործնախարարության շենքը

Հայտնի է, որ չեխական Tatra Trucks և Aero Vodochody ընկերությունները պատրաստ են Իրաքի քրդերին և Բաղդադի կենտրոնական իշծանությանը մատակարարել նաև զրահամեքենաներ և ուսումնամարտական ռեակտիվ ինքնաթիռներ։ Նման արտադրանքի արտահանումը, ճիշտ է, կպահանջի արտաքին գերատեսչության հավելյալ արտոնագրի տրամադրում։

Իր հերթին, Չեխիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Պյոտր Դրուլաքը հայտարարել է, որ թեպետ տեղական մի շարք ընկերություններ հայտնել են տարբեր տեսակի և նշանակության սպառազինություն արտահանելու պատրաստակամություն, այդուհանդերձ, արտաքին գերատեսչությունը դեռևս հավանություն է տալիս միայն հրազենի մատակարարմանը։

Դրա կազմում կլինեն հիմնականում Vz.58 գրոհային հրացաններ, Vz.59 թեթև գնդացիրներ, Դրագունովի դիպուկահար հրացաններ (ՍՎԴ) և ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետեր։ Քննարկվում է նաև դեղորայքի և չեխական զինուժի պահեստներում ավելցուկ կազմող զրահաբաճկոնների մատակարարման տարբերակը։

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորումն արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ ոտքի է հանել այսպես կոչված միջազգային ողջ հանրությունը՝ այն բանից հետո, երբ պարտության մատնելով Իրաքի կառավարական ուժերին, կարողացավ գրավել երկրի մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքը, ինչին հաջոդրեց եզդիների զանգվածային սպանդը։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն իսկ տվել է հրաման՝ օդային հարվածներ հասցնել իսլամիստների հենակետերին։ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ իրենց հերթին քննարկում են ամերիկյան ուժերին Իրաքում օժանդակելու հնարավորությունը։

2 responses to “Չեխիան կարող է արտոնագրել զինամթերքի մատակարարումն Իրաքի քրդերին

  1. Pingback: Գերմանիան PKK-ին զենք չի մատակարարի. Մերկել | Ռազմ.info

  2. Pingback: Գերմանիան 92 մլն դոլարի սպառազինություն կմատակարարի Իրաքյան Քրդստանին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *