Քրդերն ԱՄՆ օդուժի օգնությամբ իսլամիստներից հետ են գրավել Մոսուլի ամբարտակը

Իրաքի հյուսիսում քրդական զինված խմբավորումներն ամերիկյան ռազմաօդային ուժերի աջակցությամբ օգոստոսի 17-ին վերականգնել են վերահսկողությունը երկրի խոշորագույն քաղաքի՝ Մոսուլին կից ամբարտակի նկատմամբ։

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, Տիգրիս գետի ափին տեղակայված «Մոսուլ» հիդրոհանգույցը դեռևս օգոստոսի 7-ին գրավել էին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման զինյալները։ Հենց այս հանգույցի շնորհիվ էր իրականացվում Իրաքի հյուսիսային հատվածի էլեկտրաէներգիայի ու ոռոգման ջրի ապահովումը։ Բացի այդ, ամբարտակի հավանական ավերումը կարող էր հանգեցնել երկրի խոշորագույն քաղաքների՝ ջրի տակ անցնելուն։

Համաձայն աղբյուրի՝ ամբարտակի հետ գրավման գործընթացն ուղեկցվել է ԱՄՆ օդուժի հարվածներով։

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» (նախկին՝ «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն») իսլամիստական խմբավորումը 2014-ի հունիսի սկզբին սկսել էր Իրաքի հյուսիսային ու արևմտյան հատվածների խոշոր քաղաքների գրավման գործընթացը։ Նրանց հաջողվել էր հանկարծակի գրոհների արդյունքում իրենց վերահսկողության տակ վերցնել մի քանի քաղաքներ. հունիսի 10-ին նրանք գրավել էին Մոսուլը, ապա՝ հունիսի 11-ին՝ Տիգրիտը, մի քանի օր անց մոտեցել էին մայրաքաղաք Բաղդադին։ Օգոստոսի 3-ին իսլամիստ զինյալները գրավել էին 2 խոշոր նավթահանքեր։ Օգոստոսի սկզբից ամերիկյան զինվորականներն օգնության են հասել իսլամիստների դեմ պայքարում՝ մինչ օրս առնվազն 3 անգամ օդային հարվածներ հասցնելով իսլամիստների պատսպարաններին։

Նշենք նաև, որ օգոստոսի 15-ին ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որի համաձայն պատժամիջոցներ են կիրառվելու Իրաքում ու Սիրիայում մարտնչող «Իսլամական պետություն» և «Ալ Նուսրայի ճակատ» իսլամիստական խմբավորումների անդամների և նրանց հետ առնչություն ունեցողների դեմ։ Այդ ցուցակում դեռևս ընդգրկված են 6 հոգի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *