Սեյրան Օհանյանը հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 15-ին հանդիպել է ազատամարտիկներին միավորող, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող շուրջ 130 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Հանդիպմանը քննարկվել են պաշտպանական գերատեսչության և հասարակական կազմակերպությունների համագործակցության ընդլայնմանն ու համատեղ անելիքներին վերաբերող բազմաբնույթ հարցեր:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ ՏՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով նշեց, որ վերջին շաբաթների ընթացքում հասարակության բոլոր շերտերի միասնական աջակցությունն է մեծապես նպաստել, որ հայկական բանակը հակառակորդի սանձազերծած աննախադեպ լարվածության պայմաններում պատվով կատարի իր առջև խնդիրները:

Ողջունելով ՊՆ վարչական համալիրում հյուրընկալված հասարակական կառույցների ներկայացուցիչներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի ողջ անձնակազմի անունից շնորհակալություն հայտնեց ներկաներին զինված ուժերին սատարելու համար:

«Կարծում եմ, չկա մի հասարակական կազմակերպություն, որը տրամադրված չլինի իրականացնել մեր հայրենիքի ամրապնդմանը, մեր հայրենիքի զարգացմանը միտված գործունեություն: Անկասկած, հասարակական բոլոր կազմակերպություններն էլ ձգտում են այն բոլոր ձեռքբերումները, որ ունեցել են այս կամ այն ժամանակահատվածում, պատշաճ կերպով փոխանցել մատաղ սերնդին, օրինակ` հայրենասիրական դաստաիարակության, հանարակրթական, տարբեր մշակութային միջոցառումներ իրականացնելու շրջանակներում»,-հանդիպմանը նշել է Օհանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ազատամարտիկներին միավորող, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության հեռանկարներին և համատեղ անելիքներին առնչվող մի շարք հարցեր: Ներկայացված առաջարկների և խնդիրների ուղղությամբ Սեյրան Օհանյանը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ տվեց պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *