Էկվադորը ստացավ իր առաջին C-295M բեռնատար ինքնաթիռը

Էկվադորի ռազմաօդային ուժերը ստացել են իրենց առաջին C-295M ռազմական բեռնատար ինքնաթիռը: Ներկայումս ինքնաթիռը կրում է FAE-1030 կողային համարը և ընդգրկվել է 1112-րդ էսկադրիլիայի կազմում:

-295M ռազմական բեռնատար ինքնաթիռ

C-295M ռազմական բեռնատար ինքնաթիռ

Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը, ակնկալվում է, որ 2014-ի հոկտեմբերին Էկվադորի զինվորականները կստանան ևս 2 միավոր այս ինքնաթիռներից: Բոլոր 3 ինքնաթիռները կիրառվելու են զինծառայողների փոխադրման, բեռների տեղափոխման, ինչպես և բնական աղետների ժամանակ:

Նշենք, որ Էկվադորի պաշտպանության նախարարությունը եվրոպական Airbus ավիաշինական ընկերությունից գնել է 3 միավոր C-295M դեռևս 2013-ին: Պայմանագրի արժեքն է 90 մլն ԱՄՆ դոլար: Համաձայն Էկվադորի պաշտպանության նախարար Մարիա Ֆերնանդա Էսպինոզայի խոսքերի՝ համաձայնագիրը ներառում էր նաև ինքնաթիռների տեխնիկական սպասարկման տրամադրում ու պահեստամասերի ապահովվում: Այս ինքնաթիռները պետք է որ փոխարինեն դեռևս 1970-ականներից Էկվադորում օգտագործվող HS.748 հնացած ինքնաթիռներին:

Նկատենք, որ 2009-ին Էկվադորի զինվորականներ ծրագրել էին փոխարինել HS.748-երը չինական MA60 ինքնաթիռներով, որոնք խորհրդային արտադրության Ան-24-երի կրկնօրինակներն են: 2011-ին, սակայն, ինքնաթիռների գնման բանակցությունները ժամանակավորապես դադարեցվեցին, ապա լիովին կասեցվեցին: Պատճառը չինական ինքնաթիռների բարդ տեխնիկական սպասարկումն էր, ինչպես և դրանց որոշ սարքավորումների՝ Էկվադորի կլիմայական պայմաններին անհամապատասխան լինելը:

Ինքնաթիռի երկարությունը 24.40 մ է, բարձրությունը՝ 8.82 մ, թևերի բացվածքը՝ 25.81 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 23 200 կգ, թռիչքի հեռավորությունը՝ 4500 կմ, կրեյսերային արագությունը 482 կմ/ժմ, առավելագույն արագությունը՝ 576 կմ/ժ, թռիչքի բարձրությունը՝ 7620 մ, անձնակազմը՝ 2 հոգի: Ինքնաթիռն ունակ է փոխադրել 69 զինծառայողի կամ 9700 կգ բեռ: Այն կիրառվում է Լեհաստանի, Չեխիայի, Բրազիլիայի, Եգիպտոսի, Ղազախստանի, Իսպանիայի, Պորտուգալիայի զինուժում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *