Թուրքական խաղաքարտի դերը՝ վերջին շրջանում ադրբեջանական հակահայ քարոզչության մեջ

Վերջին շրջանում, երբ առաջնագծում իրադրությունը լարված էր, ադրբեջանական լրատվադաշտը փորձում էր էլ ավելի սրել լարվածությունը տարբեր բովանդակության հրապարակումներով, որոնց զգալի մասը նպատակ ուներ խուճապային տրամադրություններ ստեղծել հայկական լսարանում։

Համանման հրապարակումների շարքին են պատկանում թուրք-ադրբեջանական հարաբերությունների սերտացման և Թուրքիայի՝ Արցախյան հակամարտության շրջանակներում Ադրբեջանին սատարելուն միտված դիրքորոշումն արծարծող հոդվածները, որոնք կամ իրականության հետ քիչ աղերսներ ունեն, կամ ուռճացված են ներկայացված։

Նշենք այդ հրապարակումների հիմնական թեմաները.

Եթե առաջին երկու դեպքերի իսկությունը կասկածի տեղիք չի տալիս, քանի որ կից լուսանկարներ ու տեսագրություններ են ներկայացված, ապա Թուրքիայի քաղաքացիների դիմումների հարցում ադրբեջանական կողմը որևէ փաստարկում չի ներկայացրել, բացի այդ էլ թուրքական առաջատար կայքերում դրան անդրադարձներ չկան։ Ադրբեջանի ՊՆ-ն, իր քարոզչությունն առավել ազդեցիկ դարձնելու համար, օրինակ կարող էր հրապարակել այդ թուրքերից մեկի նամակը կամ հարցազրույց վերջինիս հետ կամ թեկուզ որոշակի անձնական տվյալներ, ինչը չի արել։ Չի կարելի բացառել ևս, որ օրինակ Ադրբեջանի ՊՆ-ին դիմել են Թուրքիայի քաղաքացի կամ Թուրքիայում բնակվող ադրբեջանցիներ։ Նկատենք նաև, որ Ադրբեջանի ՊՆ-ն դիմումների հստակ թիվ չի նշում։ Ուստի հավանական է, որ դրանք կարող են լինել օրինակ 2-3 դիմում, սակայն ստույգ թիվ չհրապարակելու և «բազմաթիվ» բառը շեշտելու դեպքում քարոզչությունն ավելի ազդեցիկ է լինում։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ վերջին տարիներին առաջնագծում լարվածության սրման մթնոլորտում ադրբեջանական լրատվադաշտն ու պաշտոնական աղբյուրները Թուրքիայի քաղաքացիների՝ ադրբեջանցիների կողքին կռվելու մասին լուրեր հաճախ են տարածում։

Բերենք օրինակ. 2014-ի հունվարից մինչև փետրվար առաջնագծում թե´ հայկական, թե´ ադրբեջանական զինուժը կորուստներ ունեցան։ Ադրբեջանական կողմը դիվերսիոն հարձակում էր իրականացրել, որը հետ մղելիս զոհվել էր ՀՀ ԶՈւ զինծառայող Արմեն Հովհաննիսյանը։ Ադրբեջանական կողմը հունվարի կտրվածքով ունեցել էր 7 հայտարարված զոհ, որից 2-ը՝ մարտական։ Փետրվարի սկզբին կրկին լարվածությունը շարունակվել էր. արդյունքում Ադրբեջանի ԶՈւ-ն ունեցել էր հայտարարված 1 մարտական կորուստ։ Եվ ահա ստեղծված իրավիճակում ադրբեջանական առաջատար լրատվական գործակալությունները լուր էին շրջանառել, թե տասնյակ «թուրքեր դիմել են Ադրբեջանի ՊՆ-ին՝ որպես կամավոր զինվորագրվելու և հայերի դեմ առաջնագծում կռվելու խնդրանքով»։

Հետևելով ադրբեջանական լրատվության տրամաբանությանը՝  Թուրքիայի քաղաքացիների մոտ Ադրբեջանի ԶՈւ-ին զինվորագրվելու ցանկություն է ծագում միայն առաջնագծում Ադրբեջանի կրած մարտական կորուստների ժամանակահատվածում։ Ստացվում է՝ գործ ունենք մի հրապարակման հետ, որն արդեն ընդգծված քարոզչական գործառույթ ունի։ Ընդ որում, դրա համար հիմնականում թիրիախային են և´ ներքին՝ ադրբեջանական, և´ արտաքին՝ հակառակորդի (հայկական) լսարանները։ Երկու լսարանին էլ ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է հասցնել նույն ուղերձը՝ «մենք մենակ չենք, մեր եղբայր թուրքերը մեզ հետ միասին հայերի դեմ են կռվելու», որը ներքին լսարարանում պետք է որ առաջ բերի ոգևորություն, իսկ հակառակորդի լսարանում՝ ընկճվածություն և իրարանցում։

Այդուհանդերձ, դեռևս Արցախյան պատերազմի տարիներին ադրբեջանական կողմից կռվում էին նաև թուրք զինվորականներ ու թուրքական ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամներ։ Անշուշտ, չի բացառվում, որ պատերազմական գործողությունների հավանական վերսկսման դեպքում թուրք զինյալները կրկին աջակցեն Ադրբեջանին, սակայն վերոհիշյալ դեպքում, ադրբեջանական կողմը թուրքերի կռվելու մասին լուրերը, ինչպես տեսանք, կիրառում է գերազանցապես քարոզչական նպատակներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *