Ադրբեջանում կրկին Արցախյան պատերազմի վետերան է ինքնահրկիզվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նստավայրի մասնաշենքի մոտ օգոստոսի 13-ին Արցախյան պատերազմի 39-ամյա վետերան, Տերտերում (Թարթառում) կռված Էլչին Ադիմուրադովն ու իր տիկինը՝ 32-ամյա Ժալյա Սալահովան, ինքնահրկիզում են կատարել՝ ի նշան Սումգայիթում իրենց տան ապամոնտաժման դեմ բողոքի։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az կայքը, ամուսինները տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Բաքվի N5 հիվանդանոցի այրվածքների կենտրոն։ Տիկնոջ վիճակը գնահատվում է ծանր։ Ամուսիններն ունեն 3-ամյա դուստր։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նստավայրի ընդունարանի մոտ Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերան Ֆագան Նասիբովն ինքնահրկիզման փորձ էր արել իրավապահ մարմինների ներկայացուցիչների և իր հարազատների աչքի առջև։

Ադրբեջանի Խազարի շրջանի Բուզովնա ավանում հուլիսի 20-ին Արցախյան պատերազմի վետերան, 1971-ին ծնված Նուրիև Ջոշգուն Էյվազօղլուն իր հարազատների աչքի առջև բենզին էր լցրել իր վրա ու ինքնահրկիզվել։

Նկատենք, որ 2013-ի օգոստոսի 25-ից ի վեր Ադրբեջանում ինքնահրկիզում է կատարել 10 հոգի, որոնցից 5-ն Արցախյան պատերազմի վետերաններ են:

Այսպես, 2014-ի փետրվարին վետերան Մալիք Մեջիդովը Սումգայիթ քաղաքի գործադիր իշխանության նստավայրի մոտ ինքնահրկիզման փորձ է կատարել: Նա բենզին է լցրել իր վրա, անցորդներին հաջողվել է ժամանակին խլել կրակայրիչն ու կանխել ինքնահրկիզումը:

«Ղարաբաղի վետերաններ» ՀԿ-ի նախագահ Էթիմադ Ասադովը հաստատել է, որ Բարդայի շրջանի իշխանությունները փորձում են կոծկել հունվարի 28-ին Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերան, 2-րդ կարգի  հաշմանդամ ՄաարիֆՎելիևի ինքնահրկիզման փաստը։

2014-ի հունվարի 27-ին Եվլախում ինքնահրկիզվել էր վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ Նիզամի Քերիմովը:

2013-ի դեկտեմբերի 25-ին Բաքվի կենտրոնում ինքնահրկիզում կատարած Զաուր Հասանովի մահվան պատճառով Ադրբեջանում ցույցերի ալիք էր բարձրացել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *