Հարավային Կորեան հետաքրքրվում է իսրայելական Iron Dome համակարգով

Գազայի հատվածում ռազմական ակտիվ գործողությունների արդյունքում Իսրայելը կարողացավ «ցուցադրել» իր սպառազինության մի շարք տարատեսակներ ու գովազդել դրանք արտահանման նպատակով:

Հակամարտության ընթացքում, ըստ իսրայելական կողմի, իրեն արդարացրեց տեղական արտադրության Iron Dome հակահրթիռային պաշտպանության համակարգը, որը Haaretz պարբերականի տվյալներով 90 տոկոս արդյունավետություն ցույց տվեց:

Իսրայելական Iron Dome հակահրթիռային պաշտպանության համակարգը հրթիռ արձակելիս

Իսրայելական Iron Dome հակահրթիռային պաշտպանության համակարգը հրթիռ արձակելիս

Ըստ համակարգն արտադրող Rafael ընկերության ղեկավար Յեդիդիա Յաարիի (Yedidia Yaari)՝ նման արդյանավետությամբ աշխատող հակահրթիռային համալիրը հետաքրքրել է Կորեայի Հանրապետությանը (Հարավային Կորեա), ինչից հետո իսրայելցի մասնագետները մեկնել են Սեուլ՝ կորեական կողմի հետ բանակցություններ սկսելու նպատակով:

Պաշտոնյան որևէ հստակ տեղեկություն չի տվել բանակցությունների ընթացքի մասին, սակայն հայտնել է, որ Հարավային Կորեան պետք է մտցնել համակարգով հետաքրքրվող երկրների «ակումբի» մեջ:

Նշենք, որ նմանատիպ հայտարարություններ վերջերս եղան նաև զրահատեխնիկայի ակտիվ պաշտպանության Trophy համակարգի վերաբերյալ: Իսրայելական կողմը նշում էր, որ համակարգը լավ է դրսևորել իրեն ռազմական գործողությունների ժամանակ ու մի քանի անգամ փրկել է տանկերը հակատանկային կառավարվող հրթիռներից:

Ավելացնենք, որ իսրայելական Iron Dome հակահրթիռային պաշտպանության համակարգը նախատեսված է հակառակորդի չկառավարվող հրթիռների հայտնաբերման ու ոչնչացման համար: Համակարգը հայտնաբերում ու սեփական հրթիռներով ոչնչացնում է հակառակորդի՝ 4-ից 70 կմ հեռավորությունից արձակված չկառավարվող հրթիռներն ու արկերը: Համակարգը զինված է 90 կգ զանգվածով և 1,6 մ տրամագծով հրթիռներով, որոնց վրա էլ տեղադվրած են նշանառման հրթիռները։

Հակահրթիռային պաշտպանության համակարգի մեկ մարտկոցի գինը մոտ 50 մլն ամերիկյան դոլար է, իսկ յուրաքանչյուր հրթիռի գինը՝ 30 հազարից 50 հազար դոլար:

Iron Dome-ի նախագծումը սկսվել է 2005-ին, իսկ սպառազինության այն ընդունվել է 2011-ին: Մինչ այժմ համակարգը կիրառվում է միայն Իսրայելի զինված ուժերում (առկա է 9 մարտկոց ևս 15 մարտկոց նախատեսվում է մատակարարել): Մի շարք երկրներ հետաքրքրվել են համակարգով, սակայն արտահանման մասին տեղեկություններ դեռ չկան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *