ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ խնդիր Չեխիայի ՌՕՈւ ավիապարկի համար

Չեխիայի պաշտպանության նախարարությունն իր անհանգստությունն է հայտնել կապված տնտեսական պատժամիջոցների հետ, որոնք Եվրամիությունը սահմանել է Ռուսաստանի նկատմամբ։ ՆԱՏՕ-ի անդամ երկրում մտահոգված են, քանի որ պատժամիջոցների՝ ռազմական ոլորտը ներառելու դեպքում, լուրջ խնդիրներ են առաջանալու ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ավիապարկի սպասարկման ընթացքում։ Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը։

Մի-24 հարվածային ուղղաթիռ. Չեխիայի ՌՕՈւ

Մի-24 հարվածային ուղղաթիռ. Չեխիայի ՌՕՈւ

Ներկայումս չեխական բանակում շահագործվում է ռուսաստանյան արտադրության շուրջ 50 միավոր ուղղաթիռ, որոնց թվում Մի-171Շ և Մի-24 հարվածային ուղղաթիռներ։

Չեխիայի պաշտպանության նախարարի տեղակալ Դանիել Կոստովալը տեղեկացրել է, որ պատժամիջոցների՝ ռազմական ոլորտը ներառելու դեպքում, Չեխիայի ռազմաօդային ուժերի մարտունակությանը կհասցվի էական վնաս արդեն իսկ 3-ից 6 ամսվա ընթացքում, քանի որ նման պարբերականությամբ է առաջանում ուղղաթիռների որոշ պահեստամասերի թարմացման անհրաժեշտություն։

Որպես ստեղծված իրավիճակից հնարավոր ելքի ուղիներ՝ պաշտպանության փոխնախարարը նշել է 2 տարբերակ. կամ երրորդ երկրներից գնել ռուսաստանյան օգտագործված ուղղաթիռներ և օգտագործել դրանք որպես պահեստամասեր, կամ էլ ձեռք բերել արևմտյան արտադրության ուղղաթիռներ։ Տարբերակներից երկուսն էլ, ամեն դեպքում, ծախսատար կլինեն Չեխիայի համար՝ առավելևս սեղմ ժամկետներում չնախատեսված անցումն արևմտյան ուղղաթիռներին։

Հիշեցնենք, որ Եվրամիության՝ ՌԴ-ի նկատմամբ սահմանած պատժամիջոցները պայմանավորված են Ուկրաինայում ստեղծած իրավիճակով։ Արևմուտքում նպատակ ունեն այդ կերպ ստիպել Ռուսաստանին դադարեցնել ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինայի հարավ-արևելքում կռվող ապստամբներին։

Մի-8 բեռնատար ուղղաթիռի՝ արտահանման համար նախատեսված Մի-17 մոդիֆիկացիայի արդիականացված տարբերակը հանդիսացով Մի-171Շ ուղղաթիռն ունի 3 հոգանոց անձնակազմ։ Այն կարող է բարձրացնել մինչև 6 տոննա բեռ կամ 25 ուղևոր։ Ուղղաթիռը կարող է զարգացնել մինչև 250 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 5 000 մետր է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *