ԱՄՆ-ն կարող է հավելյալ 39 միավոր AH-64D Apache ուղղաթիռ վաճառել Հնդկաստանին

Հնդկաստանի կառավարությունը մտադիր է ընդլայնել Միացյալ Նահանգներից ռազմական արտադրանքի ներկրման ծավալները, ու այդ շրջանակներում մեծ թիվ կկազմեն AH-64D Apache հարվածային և CH-47 Chinook բեռնատար ուդղաթիռները։ Նմանատիպ և այլ հարցեր են քննարկվել 2014-ի օգոստոսի 8-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելի՝ Հնդկաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը։

Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելն ու Հնդկաստանի ՌՕՈւ հրամանատար, մարշալ Արուփ Ռահան

Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելն ու Հնդկաստանի ՌՕՈւ հրամանատար, մարշալ Արուփ Ռահան

Ներկայումս Հնդկաստանն ԱՄՆ-ին արդեն իսկ պատվիրել է տրամադրել AH-64D Apache ուղղաթիռների 22 միավորանոց խմբաքանակ, սակայն կա մտադրություն դրանց թվին ավելացնել ևս 39-ը։

Հայտնի է, որ 22 միավոր AH-64D ուղղաթիռների համար Հնդկաստանը վճարել է շուրջ 1.4 միլիարդ ամերիկյան դոլար, ու հարկ է նշել, որ եթե ԱՄՆ-ն նախկինում Հնդկաստանին տարեկան վաճառում էր մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող սպառազինություն, ապա 2014-ին առկա պայմանագրերի հանրագումարն արդեն իսկ հասնում է 9 միլիարդի։ Սա աննախադեպ թիվ է, ինչն ունի նաև քաղաքական պատճառներ։

Առաջընթացը տնտեսության և ռազմական ոլորտում, որն արձանագրում է Չինաստանը, մտահոգում է Միացյալ Նահանգներին, և որպես կանխարգելիչ քայլ՝ վերջինս սերտ հարաբերություններ է հաստատում Չինաստանին սահմանակից և այդ երկրի հետ ոչ այնքան բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրների հետ։ Այսպես, օրինակ, նախատեսվում է հավելյալ 39 միավոր Apache ուղղաթիռների մի մասը տեղակայել Հնդկաստանի՝ Չինաստանի հետ սահմանակից գոտում տեղակայված լեռնահրաձգային նորաստեղծ ռազմակայանում։

Հավելենք, որ Չաք Հեյգելի Հնդկաստան կատարած այցի ընթացքում քննարկվել են ռազմական երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ առաջիկայում հաամտեղ զորավարժություն անցկացնելու վերաբերյալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *