Պակիստանի ԶՈւ զինծառայողները խախտել են հրադադարի ռեժիմը՝ վիրավորելով 2 հնդիկ դիրքապահի

Պակիստանի զինված ուժերի զինծառայողները օգոստոսի 10-ի գիշերը կրակ են բացել հնդիկ 10 դիրքապահների ուղղությամբ այսպես կոչված սահմանային «չեզոք գոտում», որն անցնում է նախկին Ջամմու և Քաշմիր նահանգների սահմանագծով և վիճելի տարածք է կողմերի համար։

Հնդկաստան-Պակիստան սահման

Հնդկաստան-Պակիստան սահման

Ինչպես հաղորդում է IBN հեռուստաալիքը, փոխհրաձգության հետևանքով ծանր վիրավորում են հնդիկ դիրքապահներից 2-ը։ Հրաձգությունը տևել է մի քանի ժամ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրանքներ էր հղել Պակիստանին միայն 2013-ի ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 200 դեպքերի համար։ 2011-ին նման դեպքերը 51 էին, իսկ 2012-ին գրանցվել էր 93 խախտում։ 2014-ի հուլիսի կեսերին սահմանին փոխհրաձգության պատճառով սպանվել էր 1 հնդիկ զինծառայող, 3-ը վիրավորվել էին։

Նկատենք, որ 2014-ի մայիսին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանդիպել էր իր պակիստանյան պաշտոնակից Նավազ Շարիֆի հետ։։ Այս հանդիպումից հետո շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ էր։ Սակայն հուլիսի 16-ին փոխհրաձգությունները վերսկսվեցին։ Մեկ օրում սպանվել են 1 հնդիկ զինծառայող, 2 պակիստանցի զինվոր, մի քանիսն էլ տարբեր աստիճանի վիրավորում է ստացել։ Հուլիսի 20-ին, պակիստանյան աղբյուրների համաձայն, հնդիկները կրակ են բացել Պակիստանի սահմանամերձ շրջանների ուղղությամբ։ Դրա հետևանքով սպանվել է պակիստանցի 1 խաղաղ բնակիչ, վիրավորվել են 3 կանայք ու 1 երեխա։

Նշենք, որ սույն թվականի օգոստոսի 12-ին Հնդկաստանի վարչապետը ծրագրել է այցելել վիճելի տարածքում տեղակայված Լեխ քաղաք։
Հավելենք, որ Մեծ Բրիտանիայի գաղութ հանդիսացած Հնդկաստանի 1947-ի բաժանումից հետո Հնդկաստանն ու Պակիստանը 3 անգամ պատերազմել են տարածքային վեճերի պատճառով՝ 1947-1949 թթ., 1965-ին ու 1971-ին։ 2003-ից ի վեր գործում էր հրադադարի ռեժիմը, սակայն կողմերը պարբերաբար խախտում են այն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *