Առաջնագծում վիրավորված ադրբեջանցի զինծառայողները բուժում են անցնելու Թուրքիայում

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այսօր՝ օգոստոսի 8-ին, այցելել է ԶՈւ գլխավոր կլինիկական հոսպիտալ՝ տեսակցելու վերջին շրջանում ադրբեջանական վարկածով «հայկական գնդակից» վիրավորված զինծառայողներին։

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հոսպիտալում

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հոսպիտալում

Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, սակայն չի հաղորդել վիրավորների քանակն ու նրանց անձնական տվյալները, ինչպես և չէր հաղորդել ավելի վաղ։

Համենայն դեպս, Ադրբեջանի ՊՆ կայքում հրապարակված են 3 վիրավոր զինծառայողների լուսանկարները հոսպիտալում։ Համաձայն աղբյուրի՝ նրանք շարունակելու են բուժումը Թուրքիայում, որտեղ էլ մեկնելու են վաղը՝ օգոստոսի 9-ին։ Նրանց բուժման ծախսերը հոգալու է Թուրքիայի ԱԳՆ-ին ենթակա Թուրքական համագործակցության ու համակարգման գործակալությունը (TIKA):

Նկատենք, որ դեռևս օգոստոսի 4-ին Թուրքիայի ԶՈւ հրամանատարությունը, մասնավորապես պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Նեջեդ Օզելը, ցավակցություն են հայտնել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին առաջնագծում վերջին օրերին սպանված զինծառայողների առնչությամբ՝ միաժամանակ աջակցություն հայտնելով Ադրբեջանի ՊՆ-ին։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ից մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանում լարված վիճակ է։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, ձեռնարկում հետախուզադիվերսիոն հարձակման փորձեր, առաջնագծի տարբեր հատվածներում գրանցվել է փոխհրաձգություն։ ՊԲ պաշտոնական տվյալներով՝ նշված ժամանակահատվածում հայկական կողմն առաջնագծում ունեցել է 6 զոհ, ադրբեջանական կողմը՝ առնվազն 17։

Հավելենք, որ ՊԲ տվյալներով՝ օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերն ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման հերթական փորձն է նախաձեռնել, որի հետևանքով ունի մեկ զոհ ու մի քանի վիրավոր։ Զոհը, ինչպես հաղորդում է ՊԲ-ն, Սահիլ Յաշարօղլու Թառլանլըն է, որի զոհվելու փաստն Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է։ Բացի այդ, ադրբեջանական կողմը հիշատակում է  20-ամյա զինծառայող Ֆարհադ Ազադօղլու Ռահիմովին՝ որպես «հայկական գնդակից» վիրավոր առաջնագծում։

Բացի այդ, օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է ակտիվ փոխհրաձգություն, որի արդյունքում հակառակորդը կրել է կենդանի ուժի կորուստներ:Ինչպես հաղորդում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, փոխհրաձգության ընթացքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին  ծնված ՎիկտորՇուբերտիԱբրաամովը:

One response to “Առաջնագծում վիրավորված ադրբեջանցի զինծառայողները բուժում են անցնելու Թուրքիայում

  1. Pingback: Պաշտոնական այցով Ադրբեջանում է Թուրքիայի ԶՈւ բժշկական ծառայության պետը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *