Հնդկաստանը բացում է ռազմական արդյունաբերությունն արտասահմանյան ներդրումների համար

Հնդկաստանի կառավարությունը արտասահմանյան ներդրողների ավելի լայն հնարավորություն է տվել մասնակցելու երկրում ռազմական նշանակության գույքի արտադրությանը: Հայտնում է Army Recognition կայքը:

Կառավարությունը թույլ է տվել, որ արտասահմանյան ընկերությունները տեղական արտադրություններում ունենան մինչև 49 տոկոս մասնակցություն: Մինչ այդ արտասահմանցիները կարող էին համատեղ ձեռնարկություններում մինչև 26 տոկոս բաժնեմաս ունենալ:

Հնդկաստանի ու Ռուսաստանի համատեղ նախագծման BrahMos գերձայնային հրթիռը

Հնդկաստանի ու Ռուսաստանի համատեղ նախագծման BrahMos գերձայնային հրթիռը

Այս քայլով Հնդկաստանը փորձում է ներգրավել ներդրողներին, որպեսզի կարողանա հիմնականում ապահովել սեփական զինված ուժերի կարիքները: Նույն նպատակով երկրի ղեկավարությունը հուլիսին որոշում էր ընդունել, որի համաձայն՝ արտասահմանյան ընկերությունները կարող էին ռազմական նշանակության մի շարք տեսակների արտադրություններ հիմնել՝ առանց կառավարությունից հատուկ արտոնագիր ստանալու:

Հնդկաստանի ղեկավարությունը վերջերս նաև կասեցրել է մի քանի արտասահմանյան խոշոր ընկերությունների դեմ պատժամիջոցները:

Հնդկաստանի «սև ցուցակում» հայտնվել էին մի խումբ արտադրողներ, որոնք, հնդկական կողմի պնդմամբ, անօրինական ճանապարհներով փորձել էին հաղթել Հնդկաստանի հայտարարած սպառազինության գնման մրցույթներում: Այդ ընկերությունների մեջ Հնդկաստանը նշում էր համաշխարհային այնպիսի արտադրողների, ինչպիսիք են իսրայելական IMI (Israel Military Industries), գերմանական Rheinmetall Defence ու այլ ընկերություններ:

Վերջիններս մերժել էին այս մեղադրանքներն ու պնդում էին, որ անօրինական քայլերի չեն դիմել։ Սակայն արդյունքում Հնդկաստանն այս ընկերությունները մտցրել էր «սև ցուցակի» մեջ ու հրաժարվում էր նրանցից ռազմական նշանակության արտադրանք գնել։

Հուլիսի սկզբին, սակայն, Հնդկաստանի կառավարությունը որոշել էր չեղյալ համարել ռազմական արտադրանք թողարկող արտասահմանյան ընկերությունների «սև ցուցակը», մինչև երկրի կենտրոնական հետախուզական բյուրոն չապացուցի այդ ընկերությունների առնչությունը որևէ հանցանքի:

Ներկայում կառավարության որոշմամբ Հնդկաստանը կշարունակի այդ ընկերությունների հետ համագործակցությունը ու կվերականգնի նրանց իրավունքները սպառազինության մատակարարման մրցույթներում, քանի դեռ Կենտրոնական հետախուզական բյուրոն չի ապացուցել այդ ընկերությունների մեղավորությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *