Վերջին օրերին մեր ստորաբաժանումները կանխել են 20-ից ավել դիվերսիաներ. Սեյրան Օհանյան

Վերջին օրերի ընթացքում մեր ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիաներ, դա մեր զինծառայողների պատրաստության, մեր հրամանատարների և զինծառայողների գործի շնորհիվ է: Անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով՝ հասարակության ճնշումների ներքո մենք չենք կարող բացահայտել այն մարտական խնդիրները, որ իրականացնում ենք:

Այս մասին այսօր` օգոստոսի 6-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է նախարար Սեյրան Օհանյանը:

«Այն զինվորներն ու սպաները, որ քաջաբար զոհվեցին, մեր պահապաններն են: Մենք նրանց չենք կորցրել, այլ գտել ենք հասարակության մեջ, գտել ենք այն հերոսներին, ում գործողությունների շնորհիվ կարողացանք պահպանել հայի ձեռքբերումները և ոչ մի նահանջ չունեցանք մեր մարտական դիրքերից»,_շեշտել է նախարարը։

Նախարարն անդրադարձավ նաև առաջիկայում երկու հանրապետությունների նախագահների հանդիպմանն ու դրա ազդեցությանն առաջնագծում իրավիճակի վրա:

«Լարված իրավիճակի հիմնական պատճառներից մեկն այն է, որ Ադրբեջանը քաղաքական միջոցառումներից, հանդիպումներից առաջ փորձում է լարվածություն ստեղծել, ինչպես նաև բարձրացնել իր ստորաբաժանումների մարտական ոգին: Այս հանդիպումները հնարավորություն կտան երկխոսության միջոցով եզրեր գտնել: Իսկ մինչև հանդիպումը հակառակոդի ղեկավարությունը կփորձի լարված պահել իրավիճակն առաջնագծում և հանդիպումից հետո էլ քիչ հավանական է, որ հրադադարի պահպանման ռեժիմը կպահպանվի ամբողջությամբ: Մանավանդ ՊԲ-ն այս ընթացքում պետք է բարձրացնի իր զգոնությունը, ինչը նրանք ցույց են տալիս: Մենք պատրաստ են յուրաքանչյուր հարձակման»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Ինչ վերաբերում է վերջին սրացումների համար ՀԱՊԿ-ին դիմելու և աջակցություն խնդրելու առումով նախարարը նշեց, որ դրա կարիքն առայժմ չկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *