Հայաստանի տանկիստների երկրորդ անձնակազմը 5-րդ տեղում է. Տանկային բիաթլոն-2014. օր 2-րդ

Տանկային բիաթլոն-2014 միջազգային առաջնության անհատական մրցումների երկրորդ օրը Հայաստանի զինված ուժերի տանկիստների երկրորդ անձնակազմը գրավել է 5-րդ տեղը:

Տանկի հրամանատար, լեյտենանտ Աշոտ Մալխասյանը, մեխանիկ-վարորդ, շարքային Լևոն Խեչիկյանը, նշանառու օպերատոր, շարքային Գագիկ Գրիգորյանը մրցման ընթացքում տանկի տեխնիկական խնդիրների պատճառով հետ են ընկել մրցակիցներից: Բացի այդ, մրցման երեք շրջանների ժամանակ թնդանոթից կրակելիս վրիպել են երկու անգամ, ինչը հավելյալ տուգանային ժամանակ է ավելացրել հայաստանցի տանկիստների գրանցած ժամանակին:

Հայաստանի տանկիստների առաջին անձնակազմը՝ տանկով դեպի վերջնագիծ սլանալիս: Տանկային բիաթլոն-2014

Հայաստանի տանկիստների առաջին անձնակազմը՝ տանկով դեպի վերջնագիծ սլանալիս: Տանկային բիաթլոն-2014

Անհատական մրցույթի ժամանակ տանկերը անցնում են 3-ական շրջան՝ ընդհանուր 7,1 կմ երկարությամբ: Առաջին շրջանի ժամանակ տանկերը թնդանոթից կրակում են «տանկ» թիրախի վրա՝ երեք կրակոց՝ 1800, 1700 ու 1600 մ հեռավորությունների վրա: Երկրորդ շրջանի ընթացքում զենիթային գնդացրից կրակում են «ուղղաթիռ» թիրախին՝ 900 մ հեռավորությունից, իսկ երրորդ շրջանի ժամանակ թնդանոթին կից գնդացրով կրակում են «ձեռքի հակատանկային նռնականետային հաշվարկի» վրա:

Տանկերն իրենց շրջանները կատարում են արգելագոտիներով, որոնց մեջ կան արագընթաց ճանապարհներ, ծանծաղուտ, կամրջակ, երկու էսկարպ (մեծ թեքություն), հակատանկային խրամ ու այլ խոչընդոտներ: Յուրաքանչյուր արգելքի ոչ արդյունավետ հաղթահարման համար տանկային անձնակազմի ցուցադրած ժամանակին ավելացնում են հավելյալ վայրկյաններ:

Հիշեցնենք, որ երեկ նույն մրցաձևում Հայաստանի զինված ուժերի առաջին անձնակազմը գրավել էր երկրորդ տեղը:

Երրորդ անձնակազմերի մրցումների ավարտից հետո կմեկնարկեն սպրինտի, հետապնդման ու սպորտային մրցումները: Տանկային բիաթլոնի ժամանակացույցն ու մրցումների տեսակների մասին մանրամասները հայտնել էինք ավելի վաղ:

Ավելացնենք միայն, որ օգոստոսի 4-ին մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում մեկնարկած Տանկային բիաթլոն-2014-ին մասնակցում են տանկային անձնակազմեր 12 երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Անգոլայից, Վենեսուելայից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Քուվեյթից, Սերբիայից ու Չինաստանից։

Հիշեցնենք նաև, որ տանկային բիաթլոնի միջազգային առաջին մրցույթը անցկացվել է 2013-ին ռուսաստանյան Ալաբինո զորավարժարանում։ Ընդ որում՝ անցյալ տարի ՀՀ ԶՈւ տանկային անձնակազմը նույնպես մասնակցել է Ռուսաստանում անցկացված տանկային բիաթլոնի միջազգային մրցումներին և մասնակից 4 երկրներից շրջանում զբաղեցրել էին վերջին տեղը։

Ավելացնենք, որ տանկային բիաթլոն անցկացվել է նաև Հայաստանում։ 2013թ. նոյեմբերին հայկական առաջին տանկային բիաթլոնը կազմակերպվել է Արցախի պաշտպանության բանակում՝ ՊԲ խոշոր զորավարժության շրջանակներում։

One response to “Հայաստանի տանկիստների երկրորդ անձնակազմը 5-րդ տեղում է. Տանկային բիաթլոն-2014. օր 2-րդ

  1. Pingback: Հայաստանցի տանկիստները 3-րդ տեղում են. Տանկային բիաթլոն-2014. օր 3-րդ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *