Հնդկաստանը վերսկսում է սեփական հետևակի մարտական մեքենայի նախագծման աշխատանքները

Հնդկաստանյան կառավարությունը որոշել է վերսկսել հեռանկարային սեփական հետևակի մարտական մեքենայի նախագծման ու արտադրության աշխատանքները: Դրանց ամբողջ ծավալը կարժենա ավելի քան 12 մլրդ ամերիկյան դոլար: Այս մասին հայտնում է «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» կայքը:

20-22 տոննա զանգվածով հետևակի մարտական մեքենայի ստեղծման Future Infantry Combat Vehicle (FICV) ծրագիրը Հնդկաստանը ներկայացրել էր դեռևս 2009-ին: Դրանով նախատեսված էր փոխարինել երկրի զինված ուժերի սպառազինության մոտ 3 000 միավոր ԲՄՊ-1 և ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաները (ՀՄՄ)։

Հնդկաստանի զինված ուժերի ԲՄՊ-2 ՀՄՄ-ն, որին փոխարինելու է նոր նախագծված հնդկաստանյան զրահափոխադրիչը

Հնդկաստանի զինված ուժերի ԲՄՊ-2 ՀՄՄ-ն, որին փոխարինելու է նոր նախագծված հնդկաստանյան ՀՄՄ-ն

Որոշ ժամանակ անց ծրագիրը կասեցվել էր, քանի որ դրան մասնակցող ընկերությունների առաջարկները գոհացուցիչ չէին: Պատճառն այն է, որ մի շարք խոշոր ընկերություններ կոռուպցիոն սկանդալի պատճառով դուրս էին մնացել մրցույթից:

Ներկայում երկրի կառավարությունը մտադիր է ծրագրին մասնակցելու նոր առաջարկներ ուղարկել հնդկաստանյան 9 ընկերություններին, որոնց թվում են Bharat Forge, Larsen & Toubro, Mahendra Defence, Punj Lloyd, Roltas, Tata Motors, Titagarh Wagons մասնավոր, ինչպես նաև Ordnance Factory Board ու Pipavav Defence պետական ընկերությունները:

Ընդ որում, այս ընկերությունները կարող են հանդես գալ նաև համատեղ առաջարկներով։ Արտասահմանից հնդկաստանյան ծրագրին կարող են մասնակցել իսրայելական Rafael ու Elbit Systems, ֆրանսիական CMI, Nexter ու Thales, բրիտանական BAE Systems, ամերիկյան Raytheon ու General Dynamics, հարավկորեական Doosan Group, գերմանական Rheinmetall ու Krauss-Maffei Wegmann, ռուսաստանյան «Ռոսօոբորոնէկսպորտ» ընկերությունները:

Մասնակից ընկերություններն իրենց առաջարկած հետևակի մարտական մեքենաների նախագծերը պիտի ներկայացնեն մինչև 2014-ի ավարտը, իսկ մինչև 2015-ի ավարտը հնդկական կողմը կընտրի դրանցից երկուսը:

Երկու հաղթած նախագծերով կկառուցվեն երկուական ՀՄՄ-ներ, որոնք բոլորը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը կփորձարկի 2 տարիների ընթացքում: Վերջում Հնդկաստանի ՊՆ-ն պայմանագիր կկնքի ծրագրում հաղթած երկու ընկերությունների հետ, որոնցից առաջինը հնդկական զինված ուժերին կտրամադրի պահանջվող 2610 մեքենաներից 1566 միավորը, իսկ երկրորդ ընկերությունը կտրամադրի մնացած 1044 մեքենաները:

Նախատեսված է, որ նոր հետևակի մարտական մեքենաները պիտի լողալու հնարավորություն ունենան, զինված լինեն նորագույն fire-and-forget («կրակիր ու մոռացիր») հակատանկային կառավարվող հրթիռներով, որոնք իրենք են հայտնաբերում թիրախն, ու օպերատորը կարիք չունի ղեկավարելու նրանց թռիչքը։ Բացի հրթիռներից, մեքենան զինված է լինելու նաև ավտոմատ նռնականետով ու գնդացրով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *