Առաջնագծում ինքնաթիռներ օդ բարձրացնելու լուրը՝ ադրբեջանական քարոզչության միջոց

Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին շրջանում հաճախ են լուրեր տարածում առաջնագծում իրենց ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռների՝ թռիչքներ կատարելու մասին։ Իրականում ադրբեջանական օդուժի կործանիչների օդ բարձրանալու լուրերը կիրառվում են հիմնականում քարոզչական նպատակներով՝ որպես հիմնական թիրախ ունենալով հայկական լսարանը։

Եթե դիտարկում ենք ավելի վաղ արձանագրված դեպքերը, պարզ է դառնում, որ առաջնագծում ինքնաթիռներ բարձրացնելու տեղեկություններն ավելի հաճախ են շրջանառվել ադրբեջանական լրատվադաշտում այն ժամանակ, երբ առաջնագծում համեմատաբար լարված է եղել, և երկուստեք եղել են մարտական կորուստներ։ Նման դեպքերում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կամ չի մեկնաբանել տեղեկությունը՝ ինտրիգը պահելով կամ էլ տվել է անորոշ պատասխաններ։

Բերենք մի քանի օրինակ. այսպես, 2014-ի հունվարի 19-ից ի մինչև հուլիսի վերջ հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը կայուն չէր. ադրբեջանական զինուժի դիվերսիան տապալվել էր, իսկ ինտենսիվ կրակոցները լռեցվել էին պատասխան կրակով։ Հենց այս ժամանակահատվածում ադրբեջանական մամուլը լուրեր էր տարածել առաջնագծում պարբերաբար օդ բարձրացող Ադրբեջանի ՌՕՈւ ինքնաթիռների մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որոշ ժամանակ անց հաստատել էր տեղեկությունը՝ մեկնաբանելով, թե  ինքնաթիռները թռիչքներ են կատարում առաջնագծին մոտ հատվածում։

ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն այդ ժամանակ Ռազմինֆոյին մեկնաբանել էր իրավիճակը. «Պաշտպանության բանակի ՀՕՊ ուժերը մարտական հերթապահություն են իրականացնում և վստահորեն պաշտպանում ողջ Արցախի օդային տարածքը։ Բացի այդ, մենք աչալրջորեն հետևում ենք հակառակորդի օդային տարածքին, լիովին վերահսկում ենք իրավիճակը։ Հակառակորդը կարող է ինքնաթիռներ բարձրացնել միայն սեփական օդային տարածքում»։

Արդեն 2014-ի մայիսի 28-ին ադրբեջանական լրատվակայքերը, հղում կատարելով Ֆիզուլու ուղղության առաջնագծի հատվածից ստացած տեղեկություններին, հաղորդում են, թե «Ադրբեջանի ռազմաօդային ուժերը շփման գծի օդային տարածքում պարբերաբար օդ են բարձրացնում կործանիչներ»։ ՊԲ խոսնակը կրկին մեկնաբանություն է տալիս Ռազմինֆոյին՝ հաստատելով, որ հայկական զինուժի ՀՕՊ ստորաբաժանումները պատրաստ են ցանկացած խախտմանը տալ համարժեք պատասխան։ Նկատենք, որ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ֆիզուլու ուղղության առաջնագծում իրավիճակը լարված է եղել։ Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող: Ընդ որում,  Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է այս ուղղության առաջնագծի հատվածում իր ունեցած 2 զոհը, 1 վիրավորը։

Վերջին օրերին ևս ադրբեջնական կողմը, այս անգամ իրենց ՊՆ մամուլի խոսնակ Վագըֆ Դարգահլըի խոսքերին հղում տալով, կրկին տարածել էր տեղեկություն առաջնագծում թռիչքներ կատարող ինքնաթիռների վերաբերյալ։ Ավելորդ է հիշեցնել, որ հուլիսի 31-ին մինչ օրս իրավիճակն առաջնագծում լարված է։  Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, ձեռնարկում հետախուզադիվերսիոն հարձակման փորձեր, առաջնագծի տարբեր հատվածներում գրանցվել է փոխհրաձգություն։ ՊԲ պաշտոնական տվյալներով՝ նշված ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է 5 զոհ, 7 վիրավոր, ադրբեջանական կողմը՝ առնվազն 15 զոհ։

Այսպիսով, ադրբեջանական կողմը, առանց տեսագրության և լուսանկարների, ժամանակ առ ժամանակ տարածում է սույն տեղեկությունը՝ նպատակ ունենալով թերևս խուճապային տրամադրություններ ստեղծել հայկական լսարանի շարքերում։ Առաջնագծում լարվածության առկայության դեպքում թե´ զրահատեխնիկայի, թե´ կենդանի ուժի կուտակումները, ինչպես և ինքնաթիռների թռիչքները պլանային են ու արտառոց դեպք չեն։ Հարց է ծագում՝ արդյոք իմաստ ունի թարգմանել ու տեղադրել այս լուրը հայկական կայքերում ՝ հերթական անգամ անդրադառնալով որևէ սենսացիա չպարունակող միևնույն թեմային՝ հատկապես որ հայկական կողմը՝ ի դեմս ՊԲ մամուլի խոսնակի, բազմիցս պաշտոնապես արձագանքել է հրապարակմանը։ Դա ավելի է թեժացնելու առանց այն էլ լարված իրավիճակը՝ որևէ կերպ չբխելով տեղեկատվական պայքարում հայկական կողմի շահերից։

One response to “Առաջնագծում ինքնաթիռներ օդ բարձրացնելու լուրը՝ ադրբեջանական քարոզչության միջոց

  1. Pingback: Հայկական զինված ուժերի գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում առաջնագծում. ՊԲ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *