ԱՄՆ-ն Խորվաթիային է հանձնել անվարձահատույց տրամադրվող ևս 162 զրահամեքենաները

Ավարտվել է ԱՄՆ բանակի 212 զրահափոխադրիչների անվարձահատույց փոխանցումը Խորվաթիայի զինված ուժերին, խորվաթական կողմը ստացել է տրամադրվող խմբաքանակի վերջին 162 միավոր զրահամեքենաները: Այս մասին հայտնում է լեհաստանյան Altair պարբերականը:

Բոլոր 162 միավոր զրահամեքենաները Oshkosh M-ATV մակնիշի են: Դրանք, ինչպես և նախկինում Խորվաթիայի նվեր ստացած 30 միավոր Navistar MaxxPro ու 20 միավոր RG-33 HAGA սանիտարական զրահամեքենաները, ԱՄՆ-ն տրամադրել է առանց նորոգման: Խորվաթական կողմը, նախքան մեքենաները զինված ուժերին հանձնելը, կնորոգի դրանք:

Միևնույն ժամանակ խորվաթական կողմը հոգացել է նաև մեքենաների տեղափոխման ծախսերը, դա տրամադրման պայմաններից է եղել, իսկ ամերիկացիները հետագայում խորվաթական զինված ուժերի անձնակազմին սովորեցնելու են մեքենաներից օգտվել:

Ավելացնենք, որ նման «շռայլության» պատճառն այն է, որ ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը պատրաստվում է դուրս գրել երկրի սպառազինության շուրջ 16 հազար MRAP տիպի զրահամեքենաների համարյա կեսը, ինչը հիմնավորում է դրանց պահպանման ու սպասարկման ծախսատար լինելով: Իսկ քանի որ տեխնիկայի տեղափոխումը Աֆղանստանից ԱՄՆ, ինչպես նաև դրանց հետագա նորոգումը շատ թանկ է արժենում զինված ուժերի վրա (ամեն միավոր մեքենայի ծախսը գնահատվում է 250-300 հազար ԱՄՆ դոլար), ամերիկյան կողմը որոշել է դրանք ցածր գնով վաճառել կամ նվիրել այլ երկրների, ընդ որում նման գործարքների դեպքում ընդունող երկիրը պիտի ինքը հոգա զրահամեքենաների տեղափոխման ծախսերը։

Խորվաթիայի՝ ԱՄՆ-ից նվեր ստացած MRAP դասի Navistar MaxxPro զրահամեքենաները

Խորվաթիայի՝ ԱՄՆ-ից նվեր ստացած MRAP դասի Navistar MaxxPro զրահամեքենաները

Այս խնդիրը մասնավորապես առաջացել է այն պատճառով, որ ԱՄՆ-ն մինչև 2014-ի ավարտը նախատեսում է Աֆղանստանից դուրս բերել իր զորքերի ու ռազմական տեխնիկայի մեծ մասը։

Խորվաթիան ու ԱՄՆ-ն զրահամեքենաների տրամադրման մասին համաձայնության էին եկել դեռևս 2013-ի հունիսին: Երկու կողմերը պայմանավորվել էին, որ ԱՄՆ-ն անվարձահատույց Խորվաթիային է տրամադրել է 162 միավոր M-ATV, 30 միավոր Navistar MaxxPro ու 20 միավոր RG-33 HAGA սանիտարական զրահամեքենաներ: Վերջին երկու տեսակի զրահամեքենաները ԱՄՆ-ն տրամադրել էր համապատասխանաբար 2014-ի ապրիլին ու հուլիսի կեսերին: Մնացած 162 մեքենաներն էլ Խորվաթիան նոր է ստացել:

Հիշեցնենք, որ նման գործարք ԱՄՆ-ի հետ արդեն կնքել է Հունաստանը։ Պայմանագրով Հունաստանը որպես «նվեր» ստացել է M113A2 սերիայի մի քանի տեսակի 460 միավոր զրահամեքենաներ, որոնց տեղափոխման համար վճարել է 5,5 մլն ամերիկյան դոլար։

One response to “ԱՄՆ-ն Խորվաթիային է հանձնել անվարձահատույց տրամադրվող ևս 162 զրահամեքենաները

  1. Pingback: Քրդերի հետ բախումներից հետո Թուրքիան որոշել է արդիականացնել զրահամեքենաների պարկը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *