Սեյրան Օհանյանն այցելել է հարավարևմտյան հատվածում տեղակայված զորամասեր

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 30-ին աշխատանքային այցով եղել է հարավարևմտյան հատվածում տեղակայված զորամասերում:

Աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարարը ներկա է եղել առաջին բանակային զորամիավորման զորամասերից մեկում անձնակազմի համար կառուցված նոր զորանոցի բացման հանդիսավոր արարողությանը:

Զորանոցի բացումը

Զորանոցի բացումը

Շնորհավորելով զորամասի զինծառայողներին՝ Օհանյանը նշել է, որ զորանոցի բացումը խթան կհանդիսանա նոր ուսումնական փուլում զորամասի առջև դրված խնդիրներն առավել մեծ պատասխանատվությամբ և հետևողականորեն կատարելու համար: Սեյրան Օհանյանը հորդորեց նաև չմոռանալ, որ յուրաքանչյուր զինվորի անհատական պատրաստությունից, գիտելիքներից և մասնագիտական հմտություններից է կախված ամբողջ զինված ուժերի մարտունակությունը:

Շրջելով  նորակառույց շինության տարածքում` Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել կատարված աշխատանքն ու զինծառայողների համար ստեղծված կենցաղային և ուսումնական պայմանները:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի աշխատանքային այցի հաջորդ կանգառը զորամասի զինավանում էր, որտեղ զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովման գործընթացի շրջանակում բնակարանամուտ են տոնել զորամասի 10 զինծառայողներ:

Նախարարը ողջունում է զինծառայողներին

Նախարարը ողջունում է զինծառայողներին

Շնորհավորելով բնակարանամուտի կապակցությամբ` Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը մշտապես գտնվում է հանրապետության ու ՊՆ ղեկավարության ուշադրության կենտրոնում, և հնարավորության սահմաններում արվում է առավելագույնը, որպեսզի զինծառայողներն իրենց թիկունքում մշտապես զգան պետական հոգածությունը, զերծ լինեն կենցաղային խնդիրներից և բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները:
Նույն օրը Սեյրան Օհանյանը եղել է նաև հանրապետության հարավարևմտյան հատվածում տեղակայված ևս մի քանի զորամասերում, տեղում ծանոթացել է իրականացվող լայնածավալ կապիտալ շինարարական աշխատանքներին, ճշտել է կառուցվող շինությունների շահագործման վերջնաժամկետները:

Աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարարը ստուգել է նաև զորամասերի ուսումնանյութական բազան, տեխնիկական հագեցվածությունը, հետևել է սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու նորոգման տարածքներում ընթացող աշխատանքներին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *