Ուկրաինայի թարմացվող լրահոս. հուլիսի 31. երկրում սահմանվել է ռազմական տուրք

Ուկրաինայի հարավ-արևելքում ապրիլից շարունակվում են մարտերն ապստամբների և ուկրաինացի ուժայինների միջև։ Ներկայում հիմնական զարգացումները Լուգանսկի և Դոնեցկի մերձակայքում են։

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

Ուկրաինայի ուժայինները երկրի հարավ-արևելքում

Ուկրաինայի ուժայինները երկրի հարավ-արևելքում

21։50-Մալայզիական Բոինգ 777 օդանավի կործանման հետաքննությունն անցկացնող մարմնին վերջապես հաջողվել է հասնել աղետի վայրի այն հատվածը, որը վերահսկում են ապստամբները։ Նախնական հաղորդագրությունում նշվում է, որ այնտեղ դեռևս մնացել են ավիավթարից տուժած ուղևորների դիերը։ 

20։30-Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն լրատվամիջոցներին հայտնել է, որ ուժայիններին հաջողվել է վերահսկողություն սահմանել Դոնբասի շուրջ 60 բնակավայրերի նկատմամբ։ Ներկայումս շրջանում շարունակվում են թեժ բախումները հակամարտող կողմերի միջև։

19։45-Դոնեցկի ապստամբների հրամանատար Իգոր Ստրելկովը ինքնահռչակ հանրապետության միկրոբլոգի միջոցով հայտարարել է, որ ուժայինները «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրով կրակ են վարում քաղաքի ջրազտման կայանների ուղղությամբ, ինչի հետևանքով կարող է լինել քլորի արտանետում, որն էլ, իր հերթին, հղի է քիմիական աղետի վերածվելու վտանգով։

19։00-Ուկրաինայի նախագահի կայքը հայտնում է, որ երկրի ղեկավար Պյոտր Պորոշենկոն խորհրդակցություն է հրավիրել ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու համար երկրի հարավ-արևելքում ստեղծված իրավիճակը։

18։10-Դոնեցկի ապստամբների հրամանատար Իգոր Ստրելկովը հայտարարել է պաշտպանության համար անհրաժեշտ միջոցների մոբիլիզացիա, որն իր մեջ ներառում է դեղորայք, շինանյութ, սննդամթերք և թիկունքային ապահովման համար անհրաժեշտ այլ պարագաներ։

17:25-Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ երկրի հարավ-արևելքում ծավալված իրադարձությունների հետանքով հունիս ամսից մինչ օրս զոհվել է 32, վիրավորվել 185 սահմանապահ։

16:40-Ուկրաինայի ազգային անվտագնության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն լրատվամիջոցներին հայտնել է, որ մալայզիական Բոինգի կործանման վայրում աշխատելու է միջազգային փորձագիտական խումբ՝ կազմված շուրջ 700 անդամից, ովքեր կլինեն զինված։ Նրանք հիմնականում Նիդերլանդների և Ավստրալիայի ներկայացուցիչներն են:

16։00-Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը լրատվամիջոցներին հայտնել է, որ անցնող օրվա ընթացքում երկրի հարավ-արևելքում զոհվել է 3, վիրավորվել 11 ուժային։

15։30-Դոնեցկում ապստամբները լայնամասշտաբ հարձակման են անցել՝ Սաուր-Մոգիլա կոչվող ռազմավարական բարձունքն ուժայիններից հետ խլելու համար։ Ապստամբներն այն կորցրել էին հուլիսի 28-ին։ Նշենք, որ այս բարձունքից ապստամբները հեշտությամբ հրետակոծության էին ենթարկում ուժայինների դիրքերը։

14։45-Ուկրաինայի կառավարությունն ընդունել է որոշում, որով պաշտպանական կարիքների համար պահուստային ֆոնդից հատկացնելու է լրացուցիչ 791 միլիոն ամերիկյան դոլար։ Հատկացված գումարից 741 միլիոնը բաժին է հասնելու պաշտպանության նախարարությանն, իսկ մնացածը՝ հետախուզության գլխավոր վարչությունը։

14։10Գերագույն Ռադան հուլիսի 31-ին կայացած նիստի ժամանակ չի ընդունել վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականը։ Նրա հեռացմանը կողմ է քվեարկել միայն 16 պատգամավոր։ Նշենք, որ նման դիրքորոշումը հավանաբար պայմանավորված է երկրում առանց այդ էլ լարված իրավիճակը չսրելու ցանկությամբ, քանի որ վարչապետի հրաժարականը ենթադրում է նաև ողջ կառավարության պաշտոնաթողում։

13:30-Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտնել է, որ ժամանակավորապես՝ մինչև 2015-ի հունվարի 1-ը, սահմանվում է ռազմական տուրք, ինչի արդյունքում երկրի աշխատող բնակչությունն իր աշխատավարձի 1.5 տոկոսը պետք է վճարի պետությանը՝ որպես ռազմական հարկ։

12։40- Լուգանսկի քաղաքական խորհուրդը հայտարարել է, որ հուլիսի 30-ին քաղաքում երեք մարդ է զոհվել։ Իսկ հակամարտության սկզբից քաղաքում զոհվել է 100-ից ավել քաղաքացի։

12։30- Դոնեցկ քաղաքից հյուսիս Ավդեևկա բնակավայրում նախօրեին մինչ երեկո շարունակվել են մարտերն ուկրաինացի ուժայինների և ապստամբների միջև։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *