Լիբիայի զինված ուժերը կրկին վերահսկում են Բենղազիի ռազմակայանները

Լիբիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները երկրի հարավային Բենղազի քաղաքում հուլիսի 30-ին կարողացել են վերականգնել վերահսկողությունն իրենց գլխավոր կայանի նկատմամբ, որն ավելի վաղ գրավել էին իսլամիստական խմբավորումների անդամները։

Լիբիայի զինված ուժերի զինծառայողներ

Լիբիայի զինված ուժերի զինծառայողներ

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, «Անսար աշ-Շարիա» («Շարիաթի կողմնակիցներ») ծայրահեղական խմբավորումը հուլիսի 30-ին հայտարարել էր՝ Բենղազիում այսուհետ իրենք են ներկայացնում իշխանությունը, քանի որ արդեն իրենց ձեռքում են քաղաքում տեղակայված բոլոր ռազմակայանները, ինչպես նաև 5 ռազմական ճամբարներն ու դեպի Բենինի օդակայան ու ավիակայան տանող գլխավոր ճանապարհը։ Ներկա դրությամբ այս օբյեկտների մեծ մասը վերահսկում են կառավարական զորքերը։

Հիշեցնենք, որ Բենղազիում կառավարական ուժերի և իսլամիստների խմբավորումների միջև բախումները պարբերական բնույթ են կրում։ Հուլիսի 26-ից ի վեր դրանք դարձել են ամենօրյա։ Հուլիսի 29-30-ը միայն Բենղազիում բախումների պատճառով սպանվել է առնվազն 79 հոգի։

Հավելենք, որ համաձայն լիբիական պաշտոնական աղբյուրների՝ օգոստոսի 2-ին երկրի նորընտիր խորհրդարանը արտահերթ նիստ է գումարելու երկրի արևելյան Թոբրուքի շրջանում՝ քննարկելու ստեղծված ներքին իրավիճակը։

Շուրջ 3 տարի առաջ Լիբիայում քաղաքացիական պատերազմ էր սկսվել, որի արդյունքում գահընկեց էր արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին։ Վերջինս ղեկավարում էր Լիբիան ավելի քան 40 տարի։ Այդ օրվանից ի վեր Լիբիայում շարունակվում է քաղաքական ճգնաժամը, ինչը փորձագետները պայմանավորում են հասարակության ցեղային կառուցվածքով, թույլ կենտրոնական իշխանությամբ և իսլամիստների ակտիվ գործունեությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *