Սիրիայում ականանետերի կրակից 12 հոգի է սպանվել

Սիրիայի հարավ-արևմուտքում տեղակայված Դումա քաղաքում անհայտ անձինք ականանետերից կրակ են բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է առնվազն 12 հոգի, այդ թվում՝ 1 երեխա ու 1 կին։
Ինչպես հաղորդում է Sky News Arabia հեռուստաընկերությունը, վիրավորների թիվը չի հստակեցվում, սակայն ականատեսների վկայությամբ՝ տուժածներն այնքան շատ են, որ տեղի հիվանդանոցներում արդեն իսկ չեն հասցնում համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերել։ Ականանետերից կրակողների համար թիրախ է եղել քաղաքի կենտրոնական շուկան։

Նկատենք, որ Դուման տեղակայված է մայրաքաղաք Դամասկոսից դեպի հյուսիս-արևելք, համարվում է զինյալների իսլամիստական խմբավորումների կարևոր կայաններից մեկն ու արդեն մոտ մեկ տարի է շրջափակման մեջ է կառավարական ուժերի կողմից։
Հիշեցնենք, որ Սիրիայում ճգնաժամը սկսվել է դեռևս 2011-ի գարնանը, երբ «Արաբական գարնան» ալիքը հասավ այս երկիր: Կառավարության դեմ ուղղված ցույցերը հետագայում վերաճեցին զինված բախումների, որոնց մեջ ներգրավվեցին ոչ միայն կառավարական զորքերը, այլ մի քանի, իրարից տարբեր ու անկախ զինված ապստամբ խմբավորումներ: Խմբավորումների միմյանցից անկախ լինելը երկրում ստեղծեց մի վիճակ, երբ տարբեր խմբավորումների զինյալներ կարող էին կռիվ մղել ոչ միայն կառավարական զորքերի, այլև միմյանց միջև:

Երեք տարվա ընթացքում մարտերը մղվում են փոփոխական «հաջողություններով»: 2011-2013 թվականների ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով երկրում զինված բախումների հետևանքով մահացել էր ավելի քան 100 հազար մարդ, ևս մոտ երկու միլիոն մարդ փախստական էր դարձել: Հետագայում ՄԱԿ-ը հրաժարվեց հաշվել զոհերի քանակը՝ հիմնավորելով իր քայլը զոհերի ճշգրիտ քանակի բացահայտման անհնարինությամբ:

Ներկայումս Սիրիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է, դրան օժանդակում են նաև այլ երկրներ, որոնք զենքով ու այլ միջոցներով օգնում են ապստամբներին: Սիրիայի կառավարական ուժերը վերահսկում են երկրի կենտրոնական շրջանները, մարտեր են մղում հարավ-արևմուտքում գտնվող Դամասկոս մայրաքաղաքի շրջակայքում ու հյուսիսում գտնվող Հալեպում:

Սիրիայի ծայր հյուսիսային շրջանները վերահսկում են ապստամբ քրդերը, հարավարևելյան ու հյուսիսային մի քանի հատվածներ հսկում են տարբեր ապստամբ խմբավորումներ: Իսկ Սիրիային սպառնացող հիմնական վտանգը երկրի արևելյան ու հյուսիսարևելյան շրջանները գրաված «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» զինված խմբավորումն է, որը գրավել է նաև Իրաքի արևելյան ու հյուսիսային հատվածները և իր վերահսկողության տակ գտնվող տարածքում հռչակել է անկախ պետություն՝ «Իսլամական Խալիֆայություն» անվանումով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *