Նոր պաշտպանական համակարգեր Հնդկաստանի հեռանկարային զրահատեխնիկայի համար

Հնդկաստանի պետական «Մարտական մեքենաների ուսումնասիրության ու զարգացման հիմնադրամը» (CVRDE ” Combat Vehicles Research and Development Establishment) նոր դինամիկ ու ակտիվ պաշտպանության համակարգեր է ստեղծում իր հեռանկարային զրահատեխնիկայի, մասնավորապես տանկերի համար: Այս մասին հայտում է Army Recognition կայքը:

Հնդկական ազգային Arjun Mk 2 հիմնական մարտական տանկը Հնդկաստանի Հանրապետության օրվա զորահանդեսի ժամանակ

Հնդկական ազգային Arjun Mk 2 հիմնական մարտական տանկը Հնդկաստանի Հանրապետության օրվա զորահանդեսի ժամանակ

Հիմնադրամը նոր դինամիկ ու ակտիվ պաշտպանության համակարգերի փորձարկումների համար դրանց վրա կրակել է ոչ թե 1000 մ/վ արագությամբ թռչող ենթատրամաչափային արկերով, ինչպիսիք օգտագործվում են աշխարհի մի շարք բանակներում, այլ ավելի արագընթաց՝ 1700 մ/վ արագությամբ օժտված արկերով, որոնք նույնպես նախագծել է CVRDE-ն:

Նախագծվող ակտիվ պաշտպանության համակարգը ունենալու է լազերային ճառագայթները որսացող սարքավորումներ, որոնք հայտնաբերելու են հակառակորդի՝ լազերային ճառագայթներով ուղղորդվող հակատանկային կառավարվող հրթիռները: Հայտնաբերումից հետո համակարգը ծխագլանակների միջոցով զրահատեխնիկայի շուրջը ստեղծելու է ծխավարագույր՝ հակառակորդի հրթիռների ուղղորդմանը խոչընդոտելու համար։ Դրան հաջորդելու է ակտիվ պաշտպանության համակարգի հրթիռի արձակումը, որը ոչնչացնելու է հակառակորդի հրթիռը:

Փորձարկումները կատարվել են հնդկական Arjun Mk 2 տանկի վրա: Ներկայումս Հնդկաստանն անընդհատ կատարելագործում է տանկը, դրա հիման վրա Հնդկաստանի պաշտպանության նախարարության «Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությունը» (DRDO ” Defence Research and Development Organisation) մտադիր է ստեղծել հեռանկարային հիմնական մարտական տանկ (FMBT, future main battle tank):

Arjun տանկը Հնդկաստանի «ազգային» տանկն է, որն առաջին անգամ երկրի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է 1974-ին։ Հետագայում այն մի շարք արդիականացումներ է անցել, իսկ ներկայումս արտադրության է դրված Arjun Mk 2 տարբերակը։ Տանկը զինված է 120 մմ ակոսավոր թնդանոթով, դրան կցված 7,62 մմ գնդացրով, ինչպես նաև 12,7 մմ զենիթային գնդացրով։ Արդիականացումներից հետո այն իր թնդանոթի փողից կկարողանա արձակել իսրայելական արտադրության LAHAT հակատանկային կառավարվող հրթիռներ։ Տանկի զանգվածը 58,5 տոննա է, անձնակազմը՝ 4 հոգի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *