Ռուսաստանը ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» հրանետ է մատակարարել Իրաքին

Համացանցում հայտնվել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանում 2014-ի հուլիսի 28-ին արված լուսանկարներ՝ դրանցում պատկերված ռուսաստանյան «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության Ան-124-100 «Ռուսլան» բեռնատար ինքնաթիռով, որից իջեցնում են ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ։ Այս մասին հայտնում է BMPD ռազմական բլոգը։

ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» հրանետը Բաղդադի օդանավակայանում

ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» հրանետը Բաղդադի օդանավակայանում

Լուսանկարում երևում է ծանր ռեակտիվ հրանետի 1 միավոր ԲՄ-1 արձակման կայանը և փոխադրող-լիցքավորող ևս 1 մեքենա։

Պետք է նշել, որ բաց աղբյուրներում բացակայում է Իրաքի սպառազինությունում «Սոլնցեպյոկ» հրանետի առկայության մասին որևէ տեղեկություն։ Դրա հետ մեկտեղ, վերջին շրջանում սկսել են շրջանառվել տեղեկություններ՝ Ռուսաստանի և Իրաքի միջև կնքված շուրջ 1.6 միլիարդ ամերիկյան դոլար գնահատվող ռազմական պայմանագրի մասին, որը ենթադրում է հիմնականում ցամաքային տարբեր զինատեսակների մատակարարում։

Բացի այդ, կան դեռևս չհաստատված տեղեկություններ այն մասին, որ Իրաքին մատակարարման համար նախատեսված սպառազինության մեծ մասը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ու ինքնագնաց հրետանային կայաններ են։ Նկատենք նաև, որ Իրաքն, ամենայն հավանականությամբ, նախկին Խորհրդային Միության սահմաններից դուրս առաջին երկիրն է, որին Ռուսաստանը վաճառել է ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» (ռուս.՝ ТОС-1А Солнцепек) հրանետ։ Հետխորհրդային տարածքում այս համակարգը գնել են Ղազախստանն ու Ադրբեջանը։

ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ»-ը ՏՕՍ-1 «Բուրատինո» ծանր հրանետի նոր մոդիֆիկացիան է։ Վերջինս արտադրվում է 1987-ից։ Հրանետն արձակում է 220 մմ-անոց բռնկվող արկեր՝ 600-ից 3500 մետր հեռավորության վրա։ Համակարգը 1 համազարկով կարող է արձակել 24 արկ, որոնք թիրախի վրա իդեալական դասավորության պարագայում կարող են խոցել մինչև 40 000 քառակուսի մետր մակերես։

One response to “Ռուսաստանը ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» հրանետ է մատակարարել Իրաքին

  1. Pingback: Իրաքը ՏՕՍ-1Ա հրանետներից բացի այլ սպառազինություն էլ կստանա Ռուսաստանից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *