Ինդոնեզիան ԱՄՆ-ից ստացել է F-16 կործանիչների առաջին 3 միավորը

ԱՄՆ ռազմաօդային ուժերն Ինդոնեզիային են փոխանցել F-16C/D Fighting Falcon վերականգնված ու արդիականացված կործանիչների առաջին 3 միավորը։ Ստացման գործընթացը կայացել է 2014-ի հուլիսի 25-ին։

F-16C/D Fighting Falcon` նախատեսված Ինդոնեզիայի համար

F-16C/D Fighting Falcon` նախատեսված Ինդոնեզիայի համար

Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը, Ինդոնեզիան ընդհանուր առմամբ պետք է ստանա 24 միավոր նման կործանիչ։ Միջկառավարական համաձայնագրով՝ այդ 24 ինքնաթիռներն ԱՄՆ ՌՕՈւ պահեստային պարկից արդիականացում են անցել Յուտա նահանգի Հիլ ավիակայանում՝ հասցվելով Block 52-ի։

Մարտական ինքնաթիռների վրա ամրացվել են նոր ռադիոէլեկտրոնային սարքավորումներ, շարժիչներ ու շասսի։ Բացի այդ, ինքնաթիռն արդեն կրում է AN/APG-68(v) ռադիոտեղորոշման կայաններ, AN/ALQ-213 ՌԷՊ համակարգ, կեղծ թիրախների արձակման ALE-47 սարքավորում և այլն։ Ներկա դրությամբ նույն սկզբունքներով արդիականացում են անցնում Ինդոնեզիայի համար նախատեսված ևս 21 միավոր F-16-եր, որոնք պատվիրատուին են փոխանցվելու 2015-ի ավարտին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ու Ինդոնեզիայի պաշտպանական գերատեսչությունները 2011-ի վերջին պայմանավորվել էին 24 միավոր F-16C/D կործանիչների ձեռքբերման վերաբերյալ, իսկ 2012-ի հունվարին արդեն պայմանագիր էին կնքել։ Դրա համաձայն՝ ԱՄՆ-ն իր պահեստային պարկից կործանիչներն առանց գումարի է տրամադրելու Ինդոնեզիային, սակայն ինդոնեզական կողմը պարտավորվում է վճարել դրանց վերականգնման ու արդիականացման գումարը՝ 670 մլն ԱՄՆ դոլար։

2012-ի օգոստոսին Պենտագոնն առաջարկել է Ինդոնեզիային F-16C/D-երի երկրորդ խմբաքանակը գնել նույն պայմաններով։ Ներկայումս Ինդոնեզիայի ՊՆ-ն դեռևս հստակ պատասխան չի տվել կործանիչների երկրորդ խմբաքանակը ստանալու հարցում։

Հավելենք, որ ամերիկյան F-16 Fighting Falcon-ները չորրորդ սերնդի բազմանպատակային կործանիչներ են։ Համեմատաբար էժան գնի շնորհիվ (14-18,8 մլն ԱՄՆ դոլար) դրանք առկա են ավելի քան 20 երկրի զինված ուժերի սպառազինության մեջ։ F-16C (մեկ օդաչու) ու F-16D (երկու օդաչու) տարբերակները նախագծվել են 1984-ին:

Կործանիչի սեփական զանգվածը 8,5 տոննա է, իսկ առավելագույն թռիչքային զանգվածը՝ 19.2 տոննա։ Թռիչքի առավելագույն հեռավորությունը շուրջ 4200 կմ է, առավելագույն արագությունը՝ 2120 կմ/ժ։ Զինված է 20 մմ թնդանոթով, ինչպես նաև ունի 17 կախման կետեր, որոնց վրա կարող են տարբեր տեսակի ռումբեր ու հրթիռներ կախվել՝ ընդհանուր 7.7 տոննա զանգվածով։

Ուշագրավ է, որ 2014-ի հունվարին հայտնի էր դարձել՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հրաժարվում են ֆինանսավորել F-16C/D կործանիչների արդիականացումը, որը նախատեսված էր CAPES (Combat Avionics Programmed Extension Suite) ծրագրով։ Իրենց որոշումը բացատրում են  ֆինանսների անբավարարությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *