ԱՄՆ նավատորմի մի շարք սուզանավերում կավելանա կին զինծառայողների թիվը

ԱՄՆ ռազմածովային ուժերում նախատեսում են ավելացնել կին զինծառայողների թիվը ստորջրյա նավատորմում՝ մինչև 2020 թվականը նրանցով համալրելով շարքային կազմի շուրջ 20 տոկոսը։ Կանանց թիվը կավելանա հիմնականում «Օհայո» և «Վիրջինիա» դասի սուզանավերում։ Այս մասին հայտնում է «Military.com» ռազմական լրատվակայաքը։

Կին զինծառայողը ԱՄՆ նավատորմի սուզանավում

Կին զինծառայողը ԱՄՆ նավատորմի սուզանավում

Պենտագոնում այս որոշումը պայմանավորում են նրանով, որ կան բազմաթիվ կանայք՝ օժտված գիտելիքների և կարողությունների մեծ պաշարով, ինչը, սակայն չի օգտագործվում միայն այն պատճառով, որ կանանց քիչ տեղ է հատկացվում սուզանավերի վրա։

Այս նախաձեռնության հեղինակ և ջատագով, ԱՄՆ նավատորմի գլխավոր քարտուղար Ռեյ Մաբուսը այժմ ակտիվ քննարկումներ է անցկացնում Կոնգրեսի հետ՝ համաձայնեցնելու համար բոլոր հարցերը, ինչից հետո կանայք աստիճանաբար կսկսեն համալրել տարբեր հաստիքներ ստորջրյա նավատորմում։

Նշենք, որ ներկայումս ԱՄՆ նավատորմի տարբեր սուզանավերում ծառայում է 50 կին՝ 14 անձնակազմերում։ 2016-ից նախատեսվում է թույլատրել կանանց ծառայությունը նաև այն սուզանավերում, որոնք իրենց սպառազինությունում ունեն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ։ Առաջարկը Սենատի քննարկմանն է ներկայացվել դեռևս 2013-ի հուլիսին ու արդեն իսկ արժանացել է հավանության։

Որպես ռազմածովային ուժերի կազմում կանանց դերի բարձրացման օրինակ նշենք նաև 2014-ի հուլիսին կայացած իրադարձությունը, երբ նավատորմի ռազմածովային գործողությունների հրամանատարի տեղակալ Միշել Հովարդին շնորհեցին քառաստղ ծովակալի կոչում, որով նա դարձավ առաջինն ու դեռևս միակ կինը ԱՄՆ ողջ նավատորմում, ով ունի զինվորական նման բարձր կոչում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *