Վենեսուելայի համար արտադրվող չինական զրահատեխնիկայի լուսանկարները համացանցում են

Համացանցում են հայտնվել Վենեսուելայի զինված ուժերի ծովային հետևակի համար Չինաստանի արտադրած առաջին VN-18 լողացող հետևակի մարտական մեքենայի լուսանկարները: Դրանք հրապարակել է վենեսուելական fav-club.com կայքը:

VN-18ՀՄՄ-ն Չինաստանի զինված ուժերի ZBD05 լողացող ՀՄՄ-ի արտահանվող տարբերակն է, որից Չինաստանը պարտավորվել էր Վենեսուելայի զինված ուժերին հանձնել 2012-ին կնքված վենեսուելա-չինական պայմանագրով:

Վենեսուելայի ԶՈւ համար նախատեսված չինական առաջին VN-18 լողացող հետևակի մարտական մեքենան

Վենեսուելայի ԶՈւ համար նախատեսված չինական առաջին VN-18 լողացող հետևակի մարտական մեքենան

Զենքի վաճառքի պայմանագրով նախատեսված էր, որ չինական կողմն արտադրելու ու Վենեսուելային է հանձնելու ոչ միայն VN-18 հետևակի մարտական մեքենաներ, այլև չինական ZTD05 լողացող թեթև տանկի արտահանվող VN-16 տարբերակներից, ինչպես նաև հրամանատարական/հրամանատարա-շտաբային մեքենաներ՝ պատրաստված նույն պլատֆորմի հիմքով, զրահափոխադրիչներ, 81 մմ ու 120 մմ ինքնագնաց ականանետներ ու երկտրամաչափային համազարկային կրակի ռեակտիվ կայաններ (ՀԿՌՀ), որոնք մոդուլային են ու կարող են կրակել ինչպես 122 մմ, այնպես էլ 220 մմ տրամաչափի հրթիռներ:

Չնայած, որ մատակարարվող տեխնիկայի ծավալը հայտնի չէ, սակայն ամբողջ սպառազինության համար Վենեսուելան պայմանագրով պարտավորվել է վճարել շուրջ 500 մլն ամերիկյան դոլար: Դրանով իսկ այս պայմանագիրը զենքի արտահանման տեսանկյունից Չինաստանի կնքած ամենախոշոր պայմանագրերից մեկն է:

Ավելացնենք, որ Վենեսուելային տրամադրվելիք VN-16 լողացող թեթև տանկն ու VN-18 լողացող հետևակի մարտական մեքենան ստեղծվել են նույն ZBD2000 պլատֆորմի հիմքի վրա: VN-16 տանկը զինված է 105 մմ թնդանոթով, իսկ VN-18հետևակի մարտական մեքենան՝ 30 մմ ավտոմատ թնդանոթով: Երկու մեքենաներն էլ կրում են նաև գնդացիրներ, ինչպես նաև հակատանկային կառավարվող հրթիռներ:

ZBD2000 պլատֆորմը, որի հիման վրա ստեղծվել են երկու մեքենաները, լողացող է, ունի 26 տոննա զանգված: Պլատֆորմն ունի 550 ձիաուժանոց (թեթև տանկի դեպքում՝ 1475 ձիաուժանոց) շարժիչ, որը թույլ է տալիս զարգացնել մինչև 65 կմ/ժ արագություն:

One response to “Վենեսուելայի համար արտադրվող չինական զրահատեխնիկայի լուսանկարները համացանցում են

  1. Pingback: Համացանցում են Վենեսուելայի համար նախատեսված չինական զրահափոխադրիչի նկարները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *