ՌԴ ՌՕՈւ Տու-160 ռմբակոծիչները 2016-ից կհամալրվեն նոր շարժիչներով

Ռուսաստանում առաջիկայում կավարտվեն Տու-160 ռազմավարական ռմբակոծիչի համար նախատեսված ռեակտիվ նոր շարժիչի նախագծման աշխատանքները։ Ռմբակոծիչները նախատեսվում է ՆԿ-32 շարժիչով համալրել մինչև 2016 թվականը։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը։

Տու-160 ռմբակոծիչ. Ռուսաստանի ՌՕՈւ

Տու-160 ռմբակոծիչ. Ռուսաստանի ՌՕՈւ

Պետք է նշել, որ ՆԿ-32-ի (ռուս.՝ НК-32) նախագծումը մեկնարկել էր դեռևս 1980-ականների վերջին, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո բազմաթիվ ոլորտներում առաջացած ֆինանսական սղությունն իր բացասական ազդեցությունը թողեց նաև այս նախագծի վրա, և 1993-ին շարժիչի ստեղծման աշխատանքները դադարեցին։

Նախագիծը վերաթողարկվեց միայն 2010 թվականին, երբ Ռուսաստանը զգալի ծավալների միջոցներ սկսեց հատկացնել՝ պաշտպանական ոլորտի կարիքները հոգալու համար։ Ընդ որում, ՆԿ-32-ը միակ նախագիծը չէ, որի շուրջ ներկայումս տարվում են ակտիվ աշխատանքներ։ Սամարայի «Կուզնեցով» միացյալ շարժիչաշինական կորպորացիայում հաջող ընթացքի մեջ է նաև ինչպես ՌԴ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի որոշ արբանյակակիր հրթիռների համար նախատեսված շարժիչների ստեղծման գործընթացը։

Հիշեցնենք սակայն, որ ուկրաինական իրադարձությունների ֆոնի վրա հարաբերությունների լարվածությունը, որը գրանցվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, սպառնում է տապալել մի շարք գործարքների և պայմանավորվածությունների։ ԱՄՆ-ում մեկ անգամ չէ, որ հայտարարել են ՌԴ-ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սահմանման անհրաժեշտության մասին, որը ենթադրում է նաև ամերիկյան «Անթարես» արբանյակակիր հրթիռի համար նախատեսված շարժիչի գնման պայմանագրի խզում։

Տու-160 (ռուս.՝ Ту-160) ռազմավարական ռմբակոծիչը շահագործման են հանձնել 1987-ին։ 4 հոգանոց անձնակազմ ունեցող ինքնաթիռը կարող է զարգացնել մինչև 2 230 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 21 000 մետր է։ Մեկ լիցքավորմամբ ռմբակոծիչը կարող է անցնել մինչև 14 000 կմ կամ օդում մնալ մինչև 25 ժամ։ Սպառազինությունում Տու-160-նն ունի թևավոր հրթիռներ, ինչպես նաև ազատ անկման ռումբեր՝ 40 տոննա զանգվածով։ Համաձայն բաց աղբյուրների տվյալների՝ ներկայումս ռուսաստանյան օդուժի ավիապարկում շահագործվում է 16 միավոր Տու-160 ռմբակոծիչ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *