Կոնգոյի ԴՀ համար նախատեսված տանկերը՝ Ուկրաինայի ազգային գվարդիային

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այցելել է ուկրաինական ազգային գվարդիայի զորավարժարան, որտեղ ծանոթացել է ստորաբաժանումների վարժանքներին, ինչպես նաև գվարդիային է հանձնել սպառազինություն, հայտնում է նախագահի կայքը։

Մասնավորապես Պորոշենկոյի այցի ժամանակ պաշտոնապես ներկայացվել  ու ազգային գվադրիային են հանձնվել Տ-64Բ1Մ տանկերը, որոնց «վերակենդանացման» մասին հայտնի էր դարձել վերջերս։

Ուկրաինական ազգային գվարդիայի Տ-64Բ1Մ տանկ

Ուկրաինական ազգային գվարդիայի Տ-64Բ1Մ տանկ

Տանկերը վերջերս են դուրս բերել պահեստից ու նորոգել, արդիականացրել՝ գվարդիային հանձնվելու համար։ Դրանց վրա ավելացրել են հավելյալ զրահ, ինչը ավելի պաշտպանված է դարձրել զրահատեխնիկան։

Սակայն, ինչպես հայտնում է ռուսաստանյան «Ռազմավարության ու տեխնոլոգիաների ուսումնասիրության կենտրոնի» բլոգը, մինչ ազգային գվարդիային հանձնելը նախատեսված էր, որ այդ տանկերը արդիականցվելուց հետո մատակարարելու էին աֆրիկյան երկրներից մեկին։

Խնդիրն այն է, որ ուկրաինական «Ուկրօբորոնպրոմ» ընկերությունը դեռևս փետրվարին պայմանագիր ուներ արտասահմանյան պատվիրատուի հետ, ըստ որի՝ պարտավորվել էր 50 միավոր Տ-64Բ տանկեր արդիականացնել ու մատակարարել գնորդին, որի մասին տեղեկությունները ուկրաինական զենքի պետական արտահանողը՝ «Ուկրօբորոնպրոմը», չէր հայտնում։ Հետագայում հայտնի դարձավ, որ տանկերի պատվիրատուն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն է։

Ներկայում, փաստորեն, ուկրաինացիները որոշել են աֆրիկյան երկրի համար նախատեսված տանկերը մատակարարել սեփական ազգային գվարդիային, որն էլ դրանք կիրառելու է երկրի հարավ-արևելքում ընթացող մարտերում։

Նման որոշման պատճառ կարող է լինել այն, որ 50 միավոր տանկերի վաճառքի արդյունքում ուկրաինական ընկերությունն ընդամենը 500 հազար դոլարի օգուտ էր ստանալու։ Դա արդյունավետ քայլ էր այն ժամանակ, քանի դեռ տանկերը չէին օգտագործվում ու անպետքության էին մատնված «տանկերի գերեզմանոցում»։ Սակայն ներկայում ուկրաինական ուժայինները հավանաբար ավելի շատ տանկերի կարիք ունեն ու առավել արդյունավետ են համարում չկատարել ԿԴՀ-ի պայմանավորվածությունը։

Ավելացնենք, որ խորհրդային/ուկրաինական Տ-64 (նախկինում՝ Տ-64Ա) տանկը ԽՍՀՄ սպառազինության է ընդունվել 1969-ին որպես միջին տանկ (այդ շրջանում ԽՍՀՄ-ում «հիմնական մարտական տանկ»հասկացություն դեռ չկար)։ Այն նախագծել են խորհրդային Տ-64 տանկի հիմքի վրա, որը սպառազինության չի ընդունվել։

Տ-64-ի ուշ արդիականացումները զինված են 125 մմ հարթափող թնդանոթով ու մեկական 7,62 մմ ՊԿՏ ու 12,7 մմ ՆՍՎՏ գնդացիրներով։ Անձնակազմը 3 հոգի է։ Տանկի զանգվածը 38,5 տոննա է։ Տ-64 տանկն ունի 700 ձիաուժանոց շարժիչ ու խճուղու վրա շարժվում է մինչև 60 կմ/ժ արագությամբ։

Միասին վերցրած՝ տանկի բոլոր արդիականացումներից արտադրվել է մոտ 8000 օրինակ՝ ներառյալ ԽՍՀՄ սպառազինության չընդունված Տ-64 տանկերը։

2 responses to “Կոնգոյի ԴՀ համար նախատեսված տանկերը՝ Ուկրաինայի ազգային գվարդիային

  1. Pingback: Ուկրաինայի ներկայացրած նոր զրահամեքենաները տրվել են ազգային գվարդիային | Ռազմ.info

  2. Pingback: Ուկրաինան «աֆրիկյան» տանկերը մատակարարում է երկրի ազգային գվարդիային | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *