Մեքսիկան որոշեց նախապատվությունը տալ գերմանական ուսումնական ինքնաթիռներին

Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը կայացրել է որոշում՝ ռազմական օդաչուների թռիչքային հմտությունների կատարելագործման նպատակով Գերմանիայից ձեռք բերել 25 միավոր «Grob Aircraft G120TP» ուսումնական ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է «Jane’s» ռազմական հանդեսը։

Grob Aircraft G120TP ուսումնական ինքնաթիռ

Grob Aircraft G120TP ուսումնական ինքնաթիռ

Աղբյուրը նշում է, որ դեռևս չստորագրված պայմանագրով նախատեսվում է ինքնաթիռների ողջ խմբաքանակի համար վճարել շուրջ 110 միլիոն ամերիկյան դոլար։ Պայմանագրով, փաստացի, Մեքսիկայի ռազմական ավիապարկը կհամալրվի նոր նմուշի ինքնաթիռով, քանի որ «Grob Aircraft G120TP»-ն այս երկրի համար նորույթ է։

Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա նշենք, որ թեպետ պայմանագրի կատարման ստույգ ժամանակացույցը չի հրապարակվել, այդուհանդերձ, նախատեսվում է ուսումնական նոր ինքնաթիռների առաջին խմբաքանակը ստանալ մինչև 2015-ի փետրվարի 25-ը, որպեսզի հնարավոր լինի ցուցադրել դրանք Մեքսիկայի ռազմաօդային ուժերի կազմավորման 100-ամյակին։

Նշենք նաև, որ «Grob Aircraft G120TP» ինքնաթիռները Մեքսիկայում փոխարինելու կգան ներկայումս շահագործվող ու իրենց արդեն գրեթե սպառած իտալական «Aermacchi SF-260» և ամերիկյան «Beechcraft Bonanza F33C» ուսումնական ինքնաթիռները։

Հավելենք՝ Մեքսիկայում 2013-ին մեկնարկել է ռազմաօդային ուժերի ավիապարկի արդիականացման ծրագիր, որը կտևի մինչև 2018 թվականը։ Այս ընթացքում, ի թիվս այլ ինքնաթիռների և ուղղաթիռների, նախատեսվում է գնել նաև ամերիկյան T-6C TExan II ուսումնական ինքնաթիռներ, որոնք կհամալրեն օդուժի ուսումնական ավիաբազայի շարքերը ։

Գերմանական արտադրության Grob Aircraft G120TP ուսումնական ինքնաթիռն իր առաջին թռիչքը կատարել է 2010-ին։ Այն կարող է զարգացնել մինչև 450 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը շուրջ 7 600 մետր է։ Չնայած իր երիտասարդ տարիքին, Grob Aircraft G120TP-ն արդեն իսկ հասցրել է արտահանվել Մեծ Բրիտանիա, Արգենտինա և Ինդոնեզիա ու համալրել այդ երկրների ավիապարկը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *