ՌԴ Կասպյան նավատորմիղը մինչև 2014-ի ավարտը համալրվելու է նոր նավերով

Մոտ 10 նոր նավեր են համալրելու ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղի կազմը մինչև 2014-ի ավարտը, իսկ նրանցից մի քանիսի վրա արդեն դրոշ կբարձրացնեն ՌԴ ռազմածովային ուժերին նվիրված օրը՝ հուլիսի վերջին։

«Գրաչոնոկ» կատեր

«Գրաչոնոկ» կատեր

Ինչպես ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը հաղորդել են ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, դեռևս 2014-ի փետրվարին Կասպյան նավատորմիղը համալրվել էր բազմանպատային նոր հակադիվերսիոն «Գրաչոնոկ» կատերով, միաժամանակ հաջող էին ընթացել «Գրադ Սվիյաժսկ» և «Ուգլիչ» երկու փոքր հրթիռային կատերների պետական փորձարկումները։

Այս կատերները 21631 «Բույան-Մ» նախագծի կատերներն են, իսկ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովի խոսքերով՝ մինչև 2016-ը ՌԴ ռազմածովային ուժերը ստանալու են «Բույան» նախագծի 3 փոքր հրթիռային նավեր։ «Ներկա դրությամբ «Վելիկիյ Ուստյուգ» երրորդ փոքր հրթիռային նավը ժամանել է Մախաչկալայի նավահանգիստ, որտեղ պետական փորձարկումներ է անցնելու։ Ակնկալվում է, որ 2014-ի դեկտեմբերին «Վելիկիյ Ուստյուգ» նավը կընդգրկվի Կասպյան նավատորմիղի կազմում»,-շեշտել է Բորիսովը։

Բացի այդ, Հարավային ռազմական օկրուգից տեղեկացրել են՝ սույն թվականի օգոստոսի 1-ին նավատորմիղի կազմում կներառվեն «ՍԲՍ-45» որոնողափրկարարական քարշակող նավը, «ՎՏՌ-79» նավը։ Դրանք երկուսն էլ դրական արդյունքներ են ցույց տվել պետական փորձարկումներին։ Ներկայումս Կասպյան նավատորմիղում ընդգրկվելու շրջանակներում պետական փորձարկումներ են անցնում 3 համալիր վերանորոգող-որոնողափրկարարական կատերներ՝ «ՌՎԿ-933», «ՌՎԿ-946», «ՌՎԿ-1045»։

Հիշեցնենք, որ «Բույան-Մ» նախագծի նավերը 21630 «Բույանի» նավերի վերանախագծված և արդիականացված տարբերակներն են, կառուցվում են հատուկ Կասպյան նավատորմիղի համար։ Ղրիմի անեքսիայից հետո ծրագրվում է այս նախագծի նավերից մի քանիսը տրամադրել ՌԴ Սևծովյան նավատորմին։ Նոր նախագծի նավերն ի տարբերություն իրենց նախորդների ունեն ավելի մեծ ջրատարողություն և զինված են առավել դիպուկ խոցող «Կալիբր-ՆԿ» հրթիռային համակարգով, որը նախատեսված է ինչպես ծովային, այնպես էլ առափնյա թիրախների ոչնչացման համար։
ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղը Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի հատուկ ռազմածովային միավորում է, որը կայանում է Աստրախանի շրջանում։ Դրա գործարկման գոտին Կասպից ծովն է՝ հարակից տարածքներով։

Կասպից ծովում ռազմածովային ուժերի ներկայություն ունեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանն ու Իրանը: Ժամանակ առ ժամանակ լարված բնույթ են ստանում հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքմենստանի, նաև Ադրբեջանի ու Իրանի միջև՝ հիմնականում Կասպյան նավթահորերի շահագործման պատճառով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *