Ադրբեջանը հայտարարել է ԶՈւ բոլոր զորամասերում տաքսոֆոնների տեղադրման մասին

Հուլիսի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի զորամասերում արդեն տեղադրել են միջքաղաքային տաքսոֆոններ՝ համապատասխան հեռախոսահամարներով։

Այս մասին ադրբեջանական Modern.az կայքին հաղորդել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։ Գործընթացն իրականացրել են Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունն ու Aztelekom արտադրական միավորումը։ Ըստ աղբյուրի՝ տաքսոֆոններից օգտվել ցանկացողները հարկադրված են լինելու կանխավճարի Tackart քարտ ձեռք բերել, որն ունի 2 ադրբեջանական մանաթ (2.55 ԱՄՆ դոլար), 4 մանաթ (5.09 ԱՄՆ դոլար) և 10 մանաթ (12.73 ԱՄՆ դոլար) արժեք։

Նկատենք, որ ադրբեջանական աղբյուրը չի հիշատակում՝ արդյոք տաքսոֆոնների տեղադրումը նշանակում է բջջային հեռախոսների կիրառման իսպառ վերացում ադրբեջանական զինուժում։

Հիշեցնենք, որ 2014-ի ապրիլին լուրեր էին շրջանառվել, թե  պաշտպանության նախարարության ղեկավար անձնակազմն անցել է կոդավորված հատուկ հեռախոսների կիրառմանը։ Այդ հեռախոսների օգտագործման տեղեկությանը նախորդել են Ադրբեջանում տարածված լուրերն այն մասին, որ հայկական կողմի հետախուզությունը կարողանում է հանգամանալից տվյալներ հավաքել Ադրբեջանի ՊՆ գաղտնի խորհրդակցությունների մասին, և անհրաժեշտ է միջոցներ կիրառել դրա դեմ։

Նշենք, որ ավելի վաղ՝ դեռևս 2013-ի նոյեմբերին, ադրբեջանական մամուլի փոխանցմամբ՝ Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունն ու Aztelekom արտադրական միավորումը 10 օրվա ընթացքում Ադրբեջանի ՊՆ գրեթե բոլոր զորամասերում տեղադրած պետք է լիներ միջքաղաքային տաքսոֆոններ։ Դրանցից օգտվելու նպատակով տեղում զինծառայողները կարող էին գնել հատուկ քարտեր։ Տաքսոֆոնների կապի համակարգը, ինչպես հայտնի է, թույլ է տալիս խուսափել գաղտնալսումներից։

Կարևոր է հիշատակել նաև, որ ադրբեջանցի փորձագետների մի մասն էլ պնդում է՝ բջջայինների ազատ կիրառումը համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին, իսկ քանի որ Ադրբեջանը «ձգտում է դեպի ՆԱՏՕ, ուստի պետք է հետևի դաշինքի կանոններին»։

One response to “Ադրբեջանը հայտարարել է ԶՈւ բոլոր զորամասերում տաքսոֆոնների տեղադրման մասին

  1. Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն արգելել է զինծառայողներին ու սպաներին դիրքերում բջջային հեռախոսներ օգտագործել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *