Հայտնի է Տանկային բիաթլոն-2014-ի ժամանակացույցը

ՌԴ ՊՆ կայքը ներկայացրել է օգոստոսի 4-ից 16-ը մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում կայանալիք Տանկային բիաթլոն-2014 միջազգային մրցույթի բոլոր մանրամասները:

Ըստ այդմ՝ մրցույթին մասնակցելու են 12 երկրների տանկիստներ, իսկ յուրաքանչյուր երկիր ներկայացնելու են այդ երկրի զինված ուժերի 3 լավագույն տանկային անձնակազմեր: Մասնակից երկրներից 11-ը՝ Բելառուսը, Անգոլան, Վենեսուելա, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոնղոլիան, Քուվեյթը, Ռուսաստանը, Սերբիան ու Հայաստանը, մասնակցելու են «տանտերերի» տրամադրած Տ-72Բ3 տանկերի նոր արդիականացմամբ, իսկ ահա Չինաստանը մասնակցելու է սեփական Type-96 տանկերով, որոնցից 4 միավոր վերջերս անցկացրել է Ռուսաստան:

2013-ի միջազգային տանկային բիաթլոնը, որին կանաչ ներկված տանկով մասնակցում էր հայկական լավագույն տանկային անձնակազմը

2013-ի միջազգային տանկային բիաթլոնը, որին կանաչ ներկված տանկով մասնակցում էր հայկական լավագույն տանկային անձնակազմը

Տանկային բիաթլոնի ժամանակացույցն այսպիսին է.

  • Օգոստոսի 4 – Կտրվի տանկային բիաթլոնի մեկնարկը: Կլինեն բոլոր 12 երկրների առաջին տանկային անձնակազմերի անհատական մրցումները:
  • Օգոստոսի 5 – Անհատական մրցույթում կմրցեն 12 երկրների երկրորդ տանկային անձնակազմերը:
  • Օգոստոսի 6 – Անհատական մրցույթում կմրցեն 12 երկրների երրորդ տանկային անձնակազմերը:
  • Օգոստոսի 8 – Սպրինտում (մրցում՝ կարճ տարածությունների վրա) կմրցեն բոլոր մասնակից երկրների առաջին ու երկրորդ անձնակազմերը:
  • Օգոստոսի 9 – Սպրինտում (մրցում՝ կարճ տարածությունների վրա) կմրցեն բոլոր մասնակից երկրների երրորդ անձնակազմերը:
  • Օգոստոսի 11 – Հետապնդման մրցույթում (ամեն թիմի համար մեկնարկը տրվում է առանձին, նախորդ մեկնարկից որոշակի ժամանակ անց) կմրցեն բոլոր երկրների առաջին ու երկրորդ անձնակազմերը:
  • Օգոստոսի 12 – Հետապնդման մրցույթում (ամեն թիմի համար մեկնարկը տրվում է առանձին, նախորդ մեկնարկից որոշակի ժամանակ անց) կմրցեն բոլոր երկրների երրորդ անձնակազմերը:
  • Օգոստոսի 14 – Բոլոր երկրների զինծառայողները կմրցեն սպորտային մրցումներում:
  • Օգոստոսի 16 – Բոլոր երկրների երեքական տանկային անձնակազմերը կմրցեն էստաֆետային (ամեն անձնակազմ կատարում է իր շրջանը, որից անմիջապես հետո մեկնարկում է հաջորդ անձնակազմը) մրցույթում, որից հետո կլինեն պարգևատրման ու փակման հանդիսավոր արարողությունները:

Անհատական մրցույթի ժամանակ տանկերը անցնելու են 3-ական շրջան՝ ընդհանուր 7,1 կմ երկարությամբ: Առաջին շրջանի ժամանակ տանկերը թնդանոթից կրակելու են «Տանկ» թիրախի վրա՝ երեք կրակոց՝ 1800, 1700 ու 1600 մ հեռավորությունների վրա: Երկրորդ շրջանի ընթացքում զենիթային գնդացիրից կրակելու են «Ուղղաթիռ» թիրախի վրա՝ 900 մ երկարության վրա, իսկ երրորդ շրջանի ժամանակ թնդանոթին կից գնդացրով կրակելու են «Ձեռքի հակատանկային նռնականետային հաշվարկի» վրա:

Տանկերն իրենց շրջանները կատարելու են արգելագոտիներով, որոնց մեջ կլինեն արագընթաց ճանապարհներ, ծանծաղուտ, կամրջակ, երկու էսկարպ (մեծ թեքություն), հակատանկային խրամ ու այլ խոչընդոտներ: Յուրաքանչյուր արգելքի ոչ արդյունավետ հաղթահարման համար տանկային անձնակազմի ցուցադրած ժամանակին կավելացվեն հավելյալ վայրկյաններ:

Սպրինտ մրցույթի ժամանակ տանկային անձնակազմերը կհաղթահարեն նույն խոչընդոտները ու կկրակեն նույն պայմաններով, միայն թե 3 շրջանի փոխարեն կանցնեն մեկ շրջան՝ 3 կմ երկարությամբ:

Հետապնդման մրցույթի դեպքում նույնպես խոչընդոտներն ու կրակոցները կլինեն նույնը, սակայն հաղթահարվող երկարությունը կլինի 4 կմ:

Սպորտային մրցույթի ժամանակ տանկային անձնակազմերի 3 զինծառայողներ կմրցեն պառկած ձգումների, 100 մ վազքի ու փորի ձգումների վարժություններում:

Էստաֆետային մրցումների ժամանակ էլ ամեն երկրի երեք անձնակազմեր կմրցեն նույն տանկով՝ հաջորդաբար փոխարինելով միմյանց: Յուրաքանչյուր անձնակազմ տանկով կանցնի 4 կմ երթուղի, երթուղու խոչընդոտներն ու կրակոցների պայմանները նույնն են, ինչպես անհատական մրցման ժամանակ:

Տանկային բիաթլոնի անցկացումը կհսկի դատավորական անձնակազմը, որում ներգրավված կլինեն բոլոր մասնակից երկրների ներկայացուցիչներ: Իսկ հանդիսատեսի համար Ալաբինո զորավարժարանում կառուցվել են շուրջ 5000-տեղանոց տրիբունաներ:

Հիշեցնենք, որ տանկային բիաթլոնի միջազգային առաջին մրցույթը անցկացվել է 2013-ին ռուսաստանյան Ալաբինո զորավարժարանում։ Ընդ որում՝ անցյալ տարի ՀՀ ԶՈւ տանկային անձնակազմը նույնպես մասնակցել է Ռուսաստանում անցկացված տանկային բիաթլոնի միջազգային մրցումներին։

Ավելացնենք, որ տանկային բիաթլոն անցկացվել է նաև Հայաստանում։ 2013թ. նոյեմբերին հայկական առաջին տանկային բիաթլոնը կազմակերպվել է Արցախի պաշտպանության բանակում՝ ՊԲ խոշոր զորավարժության շրջանակներում։