Խորվաթիան ևս 20 զրահամեքենա է նվեր ստացել ԱՄՆ-ից

Խորվաթիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ծովային ճանապարհով երկիր են հասցվել հերթական 20 միավոր MRAP դասի զրահամեքենաները, որոնք ԱՄՆ-ն անվարձահատույց հանձնում է խորվաթական զինված ուժերին: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» կայքը:

Զրահամեքենաների այս խմբաքանակը կազմված է RG-33 HAGA սանիտարական զրահամեքենաներից, որոնք նախատեսված են մարտի դաշտից վիրավոր զինծառայողների դուրսբերման ու տեղափոխման համար:

Մինչ զինված ուժերին հանձնելը Խորվաթիայում զրահամեքենաները կնորոգվեն, քանի որ դրանք ամերիկյան կողմը, պայմանավորվածության համաձայն, տրամադրում է այնպես, ինչպես կան, առանց նորոգելու:

Նշենք, որ Խորվաթիան ու ԱՄՆ-ն զրահամեքենաների տրամադրման մասին համաձայնության էին եկել դեռևս 2013-ի հունիսին: Երկու կողմերը պայմանավորվել էին, որ ԱՄՆ-ն անվարձահատույց Խորվաթիային է տրամադրել է 162 միավոր M-ATV, 30 միավոր Navistar MaxxPro ու 20 միավոր RG-33 HAGA սանիտարական զրահամեքենաներ:

Խորվաթիայի՝ ԱՄՆ-ից նվեր ստացած MRAP դասի Navistar MaxxPro զրահամեքենաները

Խորվաթիայի՝ ԱՄՆ-ից նվեր ստացած MRAP դասի Navistar MaxxPro զրահամեքենաները

Նախատեսված էր, որ ամերիկյան կողմը MRAP զրահամեքենաները անվճար տրամադրումը սկսելու էր 2013-ի օգոստոսին, սակայն ժամկետները ձգձգվեցին, ու առաջին 30 մեքենաները խորվաթական կողմը ստացավ միայն 2014-ի ապրիլին: Ստացած առաջին 30 միավոր զրահամեքենաների մի մասը խորվաթական զինված ուժերը ներկայացրին հունիսի սկզբին:

2014-ի հոկտեմբերին, երբ ծրագրվածի համաձայն՝ խորվաթական զինված ուժերը ստանան բոլոր զրահամեքենաները, Խորվաթիան ստիպված կլինի դրանք նորոգել ու արդիականացնել, քանի որ անվճար տրամադրելու հետ ԱՄՆ-ն Խորվաթիայի առաջ պայման էր դրել, որ մեքենաները տրամադրելու է ինչպես որ դրանք կան (առանց նորոգելու), ընդ որում՝ դրանց տեղափոխման գումարը ևս պիտի վճարեր Խորվաթիան:

Պատճառն այն է, որ ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը պատրաստվում է դուրս գրել երկրի սպառազինության շուրջ 16 հազար MRAP տիպի զրահամեքենաների համարյա կեսը, ինչը հիմնավորում է դրանց պահպանման ու սպասարկման ծախսատար լինելով: Իսկ քանի որ տեխնիկայի տեղափոխումը Աֆղանստանից ԱՄՆ, ինչպես նաև դրանց հետագա նորոգումը շատ թանկ է արժենում զինված ուժերի վրա (ամեն միավոր մեքենայի ծախսը գնահատվում է 250-300 հազար ԱՄՆ դոլար), ամերիկյան կողմը որոշել է դրանք ցածր գնով վաճառել կամ նվիրել այլ երկրների, ընդ որում նման գործարքների դեպքում ընդունող երկիրը պիտի ինքը հոգա զրահամեքենաների տեղափոխման ծախսերը։

Այս խնդիրը մասնավորապես առաջացել է այն պատճառով, որ ԱՄՆ-ն մինչև 2014-ի ավարտը նախատեսում է Աֆղանստանից դուրս բերել իր զորքերի ու ռազմական տեխնիկայի մեծ մասը։

Հիշեցնենք, որ նման գործարք ԱՄՆ-ի հետ արդեն կնքել է Հունաստանը։ Պայմանագրով Հունաստանը որպես «նվեր» ստացել է M113A2 սերիայի մի քանի տեսակի 460 միավոր զրահամեքենաներ, որոնց տեղափոխման համար վճարել է 5,5 մլն ամերիկյան դոլար։

Ամերիկյան կողմն իր հերթին հայտնել է, որ Աֆղանստանում ներկայում մնացել է մոտ 1200 միավոր «ավելորդ» զրահատեխնիկա։ Այս մեքենաների համար որպես հնարավոր գնորդ դիտարկվում են Պակիստանը, Աֆղանստանն ու Հնդկաստանը։

MRAP (Mine-Resistant Ambush Protected – Ականային պայթյուններից ու դարանից հարձակումներից պաշտպանված) զրահապատ մեքենաները, որոնց դասին է պատկանում նաև Պակիստանին վաճառվելիք MaxxPro-ն, հիմնականում նախատեսված են զինված խմբավորումների դեմ մարտերի համար։

Այս դասի զրահամեքենաների հիմնական առանձնահատկությունը V-աձև հատակն է։ Հատակի նման կառուցվածքի շնորհիվ ականի պայթյունի դեպքում հարվածային ալիքը հատակի ներքևի հատվածում կիսվում է երկու մասի ու բաժանվում՝ նվազեցնելով ուժգնությունը ու թեքելով ուղղությունը։ Արդյունքում հարվածային ալիքի ազդեցությունը մեքենայի վրա շատ թույլ է լինում, ու մեքենան պահպանում է աշխատունակությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *