Իսրայելական զրահատեխնիկայի ակտիվ պաշտպանության համակարգը «մարտական մկրտություն» է ստացել

Գազայի հատվածում (Պաղեստին) Իսրայելի ռազմական գործողությունները, բացի հայտարարված նպատակներից, իսրայելական կողմին թույլ տվեցին ստուգել նաև սեփական զինված ուժերի սպառազինության ու մասնավորապես զրահատեխնիկայի մարտունակությունը:

Ինչպես հայտնում է Army Recognition կայքը, Իսրայելն այս գործողությունների ընթացքում առաջին անգամ մարտական պայմաններում փորձարկեց զրահատեխնիկայի Trophy (Թրոֆի) ակտիվ պաշտպանության համակարգը:

Իսրայելական Trophy ակտիվ պաշտպանության համակարգը՝ Մերկավա-4 տանկի վրա

Իսրայելական Trophy ակտիվ պաշտպանության համակարգը՝ Մերկավա-4 տանկի վրա

Համակարգերը տեղադրված էին ինչպես իսրայելական Մերկավա (Merkava) հիմնական մարտական տանկերի, այնպես էլ այլ զրահատեխնիկայի վրա: Ու արդյունքներն, ըստ աղբյուրի, գոհացուցիչ էին. կայքը հաղորդում է, որ համակարգը տանկերը «փրկել է» հինգ անգամ՝ ոչնչացնելով դրանց ուղղությամբ թռչող հակատանկային կառավարվող հրթիռները: Այսպիսով, իսրայելական ակտիվ պաշտպանության համակարգը մարտական մկրտություն է ստացել:

Բայց չնայած դրան, ակտիվ պաշտպանության համակարգերի կիրառումը չի կարելի համարել միանգամայն արդյունավետ, քանի որ դրանք թեև պաշտպանում են զրահատեխնիկան, սակայն լուրջ վտանգ են զրահատեխնիկայի մոտակայքում պատսպարվող կամ մարտ վարող հետևակայինների համար:

Նշենք, որ ակտիվ պաշտպանության համակարգերը զրահատեխնիկայի ուղղությամբ թռչող հակատանկային կառավարվող հրթիռները ոչնչացնում են՝ դրանց ուղղությամբ արձակելով սեփական հրթիռը: Երկու հրթիռների պայթյունի պատճառով առաջացած հարվածային ալիքն, ինչպես նաև բեկորները լուրջ վիրավորման պատճառ կարող են դառնալ հետևակայինների համար:

Ավելացնենք, որ իսրայելական Trophy ակտիվ պաշտպանության համակարգը նախագծել են 2009-ին ու առաջին անգամ կիրառել 2010-ին: Այն տեղադրվում է ինչպես Մերկավա տանկերի, այնպես էլ այլ զրահատեխնիկայի վրա: Համակարգը հայտնաբերում է զրահատեխնիկայի ուղղությամբ թռչող հրթիռները, ահազանգ է տալիս ու հակառակորդի հրթիռին ընդառաջ կրակում է իր հրթիռը, որն էլ, ոչնչացնելով հակառակորդի հրթիռը, պաշտպանում է զրահատեխնիկան:

2 responses to “Իսրայելական զրահատեխնիկայի ակտիվ պաշտպանության համակարգը «մարտական մկրտություն» է ստացել

  1. Pingback: Իրանը զրահատեխնիկայի ակտիվ պաշտպանական համակարգ է փորձարկել | Ռազմ.info

  2. Pingback: Ռուսաստանում Տ-72 / Տ-90 տանկերի ակտիվ պաշտպանության համակարգ է փորձարկվում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *