ՌԴ ռազմածովային ուժերը համալրվել են ևս 3 միավոր Սու-30ՍՄ կործանիչով

ՌԴ ռազմածովային ուժերի ծովային ավիացիան 2014-ի հուլիսի 19-ին համալրվել է 3 միավոր Սու-30ՍՄ կործանիչով։ Իրկուտսկի ավիացիոն գործարանում հավաքված ինքնաթիռները հենց նույն օրը մեկնել են Եյսկ՝ համալրելու քաղաքի ավիաբազայն։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Վեստի» հեռուստաալիքի կայքը։

Սու-30ՍՄ կործանիչ. ՌԴ ԶՈւ

Սու-30ՍՄ կործանիչ. ՌԴ ԶՈւ

Նշենք, որ Իրկուտսկի ավիացիոն գործարանը պաշտպանության նախարարության հետ ունի Սու-30ՍՄ (ռուս.՝ Су-30СМ) կործանիչի մատակարարման միանգամից 2 պայմանագիր, որոնցից յուրաքանչյուրով գործարանին տրվել է 30 ինքնաթիռի պատվեր։

Պետք է նկատել, որ կործանիչների հանձնումը եղել է պայմանագրով նշված ժամկետից շուտ, ինչը վերլուծաբանները պայմանավորում են Ղրիմի՝ Ռուսաստանին կցելուն, ինչին հաջորդեց թերակղզու ավիացիոն ստորաբաժանումների հապճեպ համալրումը 24 միավոր Սու-30ՍՄ կործանիչով։

Հուլիսի 19-ին կայացած հանձնման-ընդունման արարողությամբ ՌԴ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում Սու-30ՍՄ կործանիչների ընդհանուր թիվը դարձավ 23: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ որոշ ռազմաբազաների ավիացիոն թևն առաջիկայում նախատեսվում է ամբողջությամբ համալրել հենց այս կործանիչներով։

Սու-27 ուսումնամարտական ինքնաթիռի հիման վրա նախագծված Սու-30-ը շահագործվում է 1992 թվականից։ 2 հոգանոց անձնակազմ ունեցող կործանիչի առավելագույն արագությունը 2 100 կմ/ժ է, թռիչքի առաստաղը՝ 17 300 մետր։ Սպառազինությունում Սու-30-նն ունի 20մմ-անոց ավիացիոն 1 հրանոթ և ամրակցման 12 կետ՝ նախատեսված տարբեր նշանակության հրթիռների, ինչպես նաև ռումբերի համար։

2004-ին Սու-30 կործանիչի 270 միավոր հավաքելու արտոնագիր է ստացել նաև Հնդկաստանը։ Կործանիչները, սակայն, հետագայում մեծ խնդիր դարձան այդ երկրի ռազմաօդային ուժերի համար։

Ավելի մանրամասն՝ Սու-30ՄԿԻ կործանիչները՝ խնդիր Հնդկաստանի օդուժի համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *