Ադրբեջանում Արցախյան պատերազմի հերթական վետերանն է ինքնահրկիզվել

Ադրբեջանի Խազարի շրջանի Բուզովնա ավանում հուլիսի 20-ին Արցախյան պատերազմի վետերան, 1971-ին ծնված Նուրիև Ջոշգուն Էյվազ օղլուն իր հարազատների աչքի առջև բենզին է լցրել իր վրա ու ինքնահրկիզվել։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Vesti.az լրատվակայքը, հղում կատարելով Խազարի շրջանի ոստիկանական բաժանմունքի տվյալներին, հարազատները մարել են կրակը, սակայն ստացած ծանր այրվածքներից վետերանը հիվանդանոցում 8 ժամ անց մահացել է։

Դատախազությունից հայտնել են, որ Նուրիևը որևէ տեղ չէր աշխատում, ընտանիք չուներ, ինքնահրկիզման քայլն էլ, նախնական վարկածով, Արցախյան պատերազմի հետևանքով ստացած հոգեկան խանգարման արդյունք է։

Նկատենք, որ 2013-ի օգոստոսի 25-ից ի վեր Ադրբեջանում ինքնահրկիզում է կատարել 10 հոգի, որոնցից 5-ն Արցախյան պատերազմի վետերաններ են:

Այսպես, 2014-ի փետրվարին վետերան Մալիք Մեջիդովը Սումգայիթ քաղաքի գործադիր իշխանության նստավայրի մոտ ինքնահրկիզման փորձ է կատարել: Նա բենզին է լցրել իր վրա, անցորդներին հաջողվել է ժամանակին խլել կրակայրիչն ու կանխել ինքնահրկիզումը:

«Ղարաբաղի վետերաններ» ՀԿ-ի նախագահ Էթիմադ Ասադովը հաստատել է, որ Բարդայի շրջանի իշխանությունները փորձում են կոծկել հունվարի 28-ին Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ Մաարիֆ Վելիևի ինքնահրկիզման փաստը։

2014-ի հունվարի 27-ին Եվլախում ինքնահրկիզվել էր վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ Նիզամի Քերիմովը:

2013-ի դեկտեմբերի 25-ին Բաքվի կենտրոնում ինքնահրկիզում կատարած Զաուր Հասանովի մահվան պատճառով Ադրբեջանում ցույցերի ալիք էր բարձրացել։

2 responses to “Ադրբեջանում Արցախյան պատերազմի հերթական վետերանն է ինքնահրկիզվել

  1. Pingback: Ադրբեջանում Արցախյան պատերազմի վետերանն ինքնահրկիզման փորձ է արել | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանում կրկին Արցախյան պատերազմի վետերան է ինքնահրկիզվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *