Կազմալուծվել է ռազմական կառույցը, որին անդամակցում էին Թուրքիան և Ադրբեջանը

Ռազմական կարգավիճակ ունեցող իրավապահ մարմինների եվրասիական կազմակերպությունը (ТАКМ), որի անդամ երկրներն են Թուրքիան, Ադրբեջանը, Մոնղոլիան ու Ղրղզստանը, կասեցրել է իր գործունեությունը՝ առաջիկայում վերակազմավորվելու ակնկալիքով։

TAKM-ի կազմավորման արարողությունը

TAKM-ի կազմավորման արարողությունը

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում կատարելով Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությանը, կառույցի լուծարման պատճառը Մոնղոլիայի՝ համաձայնագիրը չստորագրելու որոշումն է։ Մոնղոլական կողմը որևէ կերպ չի հիմնավորել իր քայլը։

Ըստ աղբյուրի՝ Մոնղոլիային այս կառույցում փոխարինելու է Ղազախստանը։ Ակնկալվում է նաև կառույցի անվան փոփոխություն։

Այդուհանդերձ, նկատենք, որ պաշտոնական հաղորդագրություններ սույն փաստի առնչությամբ այս պահի դրությամբ չկան։ Բացի այդ, չի հստակեցվում՝ երբ է կայանալու կառույցի վերակազմավորումը։

Հիշեցնենք, որ ТАКМ-ն հիմնվել է 2013-ի հունվարի 29-ին Բաքվում կայացած համաժողովի ժամանակ, որին Ադրբեջանից մասնակցում էր այդ ժամանակ ներքին գործերի փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Զաքիր Հասանովը (ներկայումս պաշտպանության նախարար), Թուրքիայի կողմից՝ Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Բեքիր Քալոնչուն, Ղրղզստանից՝ ներքին զորքերի հրամանատար, գնդապետ Սովետբեկ Արբաևը և Մոնղոլիայի ներքին զորքերի պատվիրակությունը։ Այդ նիստին նախագահող երկիրը Թուրքիան էր։

ТАКМ-ի անդամ երկրները շտապեցին հայտարարել, թե դաշինքի նպատակը 4 երկրների ռազմական կարգավիճակ ունեցող իրավապահ մարմինների համագործակցությունն է, պանթյուրքական նկրտումներ չունի, սակայն սկսեցին լուրեր շրջանառվել, թե իրականում «թյուրքական երկրները Թուրանը վերածնելու հեռահար նպատակներ ունեն»։ 2013-ի փետրվարից լուրեր տարածվեցին, որ ՌԴ-ն ևս մտադիր է միանալ այս կառույցին, քանի որ Հյուսիսային Կովկասում ծայրահեղական ուժերի դեմ պայքար է տանում։ Ադրբեջանական լրատվակայքերը, նույն ժամանակահատվածում սեփական աղբյուրներին հղում տալով, գրել էին, թե ТАКМ-ին միանալու ցանկություն են հայտնել Ուզբեկստանը, Աֆղանստանը և Վրաստանը, սակայն պաշտոնական աղբյուրներով այս լուրը չհաստատվեց։

Հարկ է շեշտել, որ Ադրբեջանը 2013-ից ի վեր ТАКМ-ին իր անդամակցումը կիրառում էր հակահայ քարոզչության շրջանակներում։ Մասնավորապես, 2014-ի ապրիլին ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթի փոխանցմամբ՝ Արցախի հետ սահմանին Ադրբեջանն իբր հատուկ հակաահաբեկչական զորավարժություններ է իրականացնելու այսպես կոչված «Թուրանի բանակի» մասնակցությամբ, որն իրենից ներկայացնում է ТАКМ-ի անդամ երկրների ներքին զորքերի զինծառայողներից հավաքված զորախումբ։ Ընդգծվում էր, թե սույն «զորախումբը» հարկ եղած դեպքում պաշտպանելու էր Ադրբեջանի տարածքը ՌԴ-ի հավանական հարձակումներից։

2 responses to “Կազմալուծվել է ռազմական կառույցը, որին անդամակցում էին Թուրքիան և Ադրբեջանը

  1. Pingback: Կազմալուծվել է ռազմական կառույցը, որին անդամակցում էին Թուրքիան և Ադրբեջանը razm.info | Armday

  2. Pingback: Թուրքիայի, Ադրբեջանի «ռազմական կառույցի» միայն անունն է ստեղծվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *