Ճապոնիան հաստատել է ռազմական արտադրանքի արտահանման առաջին գործարքը

Ճապոնիայի կառավարությունը տեղական Mitsubishi Heavy Industries ընկերությանը թույլատրել է ԱՄՆ-ին վաճառել հայտնի Patriot (Patriot Advanced Capability-2` PAC-2) հրթիռների այնպիսի մասեր, որոնցից ամերիկյան ընկերություններն այլևս չեն արտադրելու։ Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:

Խոսքը բարձրտեխնոլոգիական սարքավորումների մասին է, որ ամերիկյան Raytheon ընկերության արտոնագրով Ճապոնիայի զինված ուժերի համար մինչ այս արտադրում էր ճապոնական ընկերությունը։ Ամերիկյան կողմն իր հերթին Ճապոնիայում արտադրված սարքավորումները կտեղադրի հրթիռների վրա ու կուղարկի Քաթար։ Ճապոնական Mitsubishi Heavy Industries-ի արտադրանքը պահանջարկ է ստացել այն պատճառով, որ ներկայում ամերիկյան Raytheon-ը հրաժարվում է շարունակել նշված սարքավորումների արտադրությունը՝ կենտրոնանալով հրթիռների ավելի ժամանակակից՝ PAC-3 տարբերակների արտադրության վրա։

Նշված արտադրանքի արտահանումը հաստատել է Ճապոնիայի նորաստեղծ ազգային անվտանգության խորհուրդը՝ դրանով թույլատրելով Ճապոնիայում արտադրված ռազմական նշանակության արտադրանքի արտահանման առաջին գործարքը վերջին տասնամյակների ընթացքում:

«Փեթրիոթ» համակարգ

«Փեթրիոթ» համակարգ

Դա հնարավոր է դարձել միայն վերջերս, երբ Ճապոնիայի կառավարությունը 2014-ի ապրիլի 1-ին պաշտոնապես չեղյալ է հայտարարել 1967-ից գործող, ռազմական արտադրանքի արտահանումը սահմանափակող կանոնները՝ փոխարենն ընդունելով սպառազինության արտահանումը կարգավորող նոր օրենք։

Նոր օրենքն արգելում է Ճապոնիան զենք-զինամթերք վաճառել այն երկրներին, որտեղ փաստացի մարտական գործողություններ են ընթանում, ինչպես և պետություններին, որոնք «տեսականորեն կարող են ամբողջ աշխարհում տիրող խաղաղության մթնոլորտը խախտել»։

Այնուհանդերձ, նոր օրենքը ենթադրում է ճապոնական սպառազինության տրամադրման թույլտվություն այն երկրներին, որոնց շնորհիվ էլ «ապահովված է Ճապոնիայի ազգային ու միջազգային անվտանգությունը»։

Հիշեցնենք, որ 1967-ից գործող ռազմական սպառազինության արտահանման սահմանափակումները վերաբերում էին կոմունիստական վարչակազմ ունեցող, միջազգային ռազմական հակամարտություններին մասնակցող, ՄԱԿ-ի կողմից ընդունված սահմանափակումների շրջանակներում ընդգրկված երկրներին ռազմական նշանակության արտադրանքներ տրամադրելու արգելքին։ Ճապոնիան որոշել էր հրաժարվել դրանից դեռևս 2011-ին։

Ավելացնենք, որ ամերիկյան Patriot համակարգերը նախատեսված են միջին ու մեծ բարձրություններում հակաօդային պաշտպանության ապահովման, ինչպես նաև հակառակորդի բալիստիկ հրթիռների ոչնչացման համար։ Արտադրությունը սկսվել է 1976 թվականին, իսկ ԱՄՆ սպառազինության մեջ ընդգրկվել է 1981-ին։ Patriot հրթիռային համակարգեր կան աշխարհի 10-ից ավելի երկրների սպառազինությունում։

Նշենք, որ Թուրքիայի խնդրանքով 2013-ին ՆԱՏՕ-ն այս հրթիռային համալիրներից 6 մարտկոց տեղադրել է նաև թուրք-սիրիական սահմանին 1 տարի ժամկետով, իսկ հետագայում ևս մեկ տարով երկարացրել է դրանց տեղակայման ժամկետը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *