Ադրբեջանն «Ուրալվագոնզավոդից» պատվիրել է ՏՄՄ-6 մեխանիզացված ծանր կամուրջներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» կոնցեռնից պատվիրել է ՏՄՄ-6 «Գուսենիցա-2» (ռուս.՝ ТММ-6 «Гусеница-2») մեխանիզացված ծանր կամուրջներ, որոնք նախատեսված են ցամաքային (օրինակ՝ ակոսներ, խրամներ) ու ջրային (օրինակ՝ ջրանցքներ, լճակներ) խոչընդոտների հաղթահարման համար։

ՏՄՄ-6 «Գուսենիցա-2» (ռուս.՝ ТММ-6 «Гусеница-2») մեխանիկացված ծանր կամուրջ

ՏՄՄ-6 «Գուսենիցա-2» (ռուս.՝ ТММ-6 «Гусеница-2») մեխանիկացված ծանր կամուրջ

Ադրբեջանի պատվերի մասին  «Ուրալվագոնզավոդի» ներկայացուցիչը հայտնել է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության թղթակցին։ Թե ինչ քանակի պատվերի մասին է խոսքը, ինչ ժամկետներում է կատարվելու հայտնի չէ։ Այլ աղբյուրներ սույն տեղեկությունը չեն մեկնաբանել։

Հավելենք, որ ՏՄՄ-6 «Գուսենիցա-2» կամրջի մեկ համալիրն ընդգրկում է 2 կամրջադիրներ, կամրջային բլոկերով 4 փոխադրիչներ։ Դրա անձնակազմը 2 հոգի է, կամրջային բլոկով կամրջադրի զանգվածը 41.06 տոննա է, կամրջի բեռնատարողությունը՝ 60 տոննա, կամրջային անցման երկարությունը՝ 102 մ, լայնությունը՝ 4 մ, կամրջի տեղադրման հավանական ժամանակը՝ 60-80 րոպե, ռազմական տեխնիկայի՝ կամրջի վրայով անցման մոտավոր արագությունը՝ 20-30 կմ/ժ, կամրջադրի առավելագույն արագությունը՝ 70 կմ/ժ, բազային շասսին՝ ՈւՐԱԼ-43202։

Նկատենք նաև, որ «Ուրալվագոնզավոդը» հանդիսանում է Ադրբեջանի համար նախատեսված 94 միավոր Տ-90Ս տանկերի պատվերի կատարողը։ Բացի այդ, 2014-ի մարտին Ադրբեջանի հետ համատեղ վագոնաշինական գործարան հիմնելու պայմանագիր է կնքել «Ադրբեջանի երկաթ գծեր» ՓԲԸ-ի հետ։ Ընդ որում, ծրագրվում է գործարանի բուն աշխատանքը սկսել 2015-ին: Նախատեսվում է, որ այն կարտադրի տարեկան 2 հազար հատ շուրջ 6 տիպի բեռնատար վագոն:

Հայտնի է նաև, որ «Ուրալվագոնզավոդին» պատկանելու է բաժնետոմսերի 50 տոկոսը, ըստ այդմ էլ կազմակերպությունը պարտավորվում է 20-30 մլն եվրո (27  մլն 473 հազար ԱՄՆ դոլար-40 մլն 57 հազար ԱՄՆ դոլար) ներդրում կատարել նախագծում: Արտադրվելիք վագոնները, ադրբեջանական կողմի վկայությամբ, կիրառվելու են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղում, ինչպես և արտահանվելու են Թուրքիա ու Վրաստան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *