ԱՄՆ-ն տիեզերական անօդաչու թռչող սարք է պատվիրել

ԱՄՆ հեռանկարային պաշտպանական գիտահետազոտական մշակումների գործակալությունը (DARPA) պայմանագիր է կնքել 3 ընկերությունների հետ XS-1   փորձարարական տիեզերական անօդաչու թռչող սարքի ստեղծման համար։ 

XS-1

XS-1

Ինչպես հաղորդում է Space.com կայքը, նախագծի մեկնարկի վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է ամերիկյան Beoing կոնցեռնի, Masten Space Systems ու Northrop Grumman ընկերությունների հետ։

Զինվորականները չեն մանրամասնել կնքված պայմանագրերի արժեքը։ Այդուհանդերձ, Boeing-ը հայտնել է՝ իր հետ կնքած պամանագիրը 4 մլն ԱՄՆ դոլար է։ Այն պարտավորվում է անցկացնել տիեզերական անօդաչուի բազային նախագծումը, որը պետք է լինի մի քանի անգամ օգտագործելու ենթակա։ Չի հստակեցվում, թե երբ են պատրաստվում ավարտել աշխատանքները։

Նախագծի երկրորդ փուլի համար պայմանագիրը ծրագրված է կնքել մրցույթի արդյունքների հիման վրա 2015-ի ընթացքում: Այս փուլում արդեն մեկնարկելու են ԱԹՍ-ի փորձնական թռիչքները, որից հետո հաղթող ընկերությունը ստանալու է սահամանափակ քանակով սերիական արտադրություն հիմնելու հնարավորություն: Նախնական գնահատականներով՝ անօդաչուի թռիչքային փորձարկումները սկսվելու են 2017-ին, իսկ առաջին ծրագրային թռիչքը՝ 2018-ին:

Հավելենք, որ DARPA-ի՝ տիեզերական անօդաչու ունենալու մտադրության մասին հայտնի էր դարձել 2014-ի փետրվարին: Դրա հիմնական գործառույթը պետք է որ լինի անհրաժեշտ սարքավորումների փոխադրումն ուղեծիր: Ընդ որում, մեկ անօդաչուի արձակման գործընթացը չպետք է արժենա 5 մլն ԱՄՆ դոլարից ավել, և արձակման ընթացքում ԱԹՍ-ն չպետք է հավելյալ տեխնիկական ապահովման ու վերանորոգման կարիք ունենա: Հետևելով զինվորականների պահանջներին՝ XS-1-ը պետք է կարողանա բացել մինչև 11.5 հազար կմ/ժ արագություն՝ կրելով 1.36-2.27 տոննա օգտակար բեռնվածություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *