Մեկնարկել է ռուս-հնդկական «Ինդրա-2014» զորավարժության ակտիվ փուլը

Հուլիսի 19-ին Ճապոնական ծովի Պետրոս Մեծի ծոցում մեկնարկել է ռուս-հնդկական համատեղ «Ինդրա-2014» ռազմածովային զորավարժության ակտիվ փուլը։

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ արևելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության պետ Ռոման Մարտովը։

Հնդկական նավերը ժամանում են Վլադիվոստոկի նավահանգիստ

Հնդկական նավերը ժամանում են Վլադիվոստոկի նավահանգիստ

Հուլիսի 14-ին Վլադիվոստոկ են ժամանել Հնդկաստանի ռազմածովային ուժերի «Ռանվիջայ» ականակիրը, «Շավալիկ» ֆրեգատը և նավերի մատակարար «Շակթի» նավը։ Զորավարժության հիմնական նպատակը ծովում փոխգործակցության մշակումն ու իրականացումն է։

Նա նշել է նաև, որ ռուսաստանյան կողմից մանևրներին մասնակցում են «Վարյագ» հրթիռային հածանավը, «Ադմիրալ Վինոգրադով» հականավային մեծ նավը, ինչպես նաև «Պերեսվետ» դեսանտային նավը։

Երկու երկրների նավերը գիշերային պայմաններում երկու խմբի են բաժանվելու ու հանդիպակած մարտ վարելու, որից հետո արդեն ուղղաթիռային վարժանքներ կանեն։

Նշվում է նաև, որ նախատեսված են հրթիռահրետանային հարվածներ հասցնել օդային թիրախներին։

Հուլիսի 19-ին Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Վարյագ» հրթիռային հածանավի տախտակամածին էլ կամփոփվեն զորավարժության արդյունքները։

Տեղեկացնենք, որ 2013 թվականին Հնդկաստանի «Մահաջան» զորավարժարանում անցկացվեց ռուս-հնդկական համատեղ «Ինդրա-2013» զորավարժությունը, որին ռուսական կողմից մասնակցում էին ՌԴ ԶՈւ արևելյան ռազմական օկրուգի դեսանտայինները։

2012-ին նմանատիպ զորավարժություն անցկացվել էր Բուրյաթիայի հանրապետությունում տեղակայված «Բուրդուն» զորավարժարանում։
Նշենք, որ ռուս-հնդկական զորավարժություններ իրականացվում են դեռևս 2012-ից ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հնդկաստանի տարածքում։ Բացի ռազմածովային զորավարժություններից, երկու երկրներն իրականացնում են նաև ցամաքային մանևրներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *