Սևծովյան նավատորմի համար նախատեսված առաջին «Վարշավյանկան» շարունակում է փորձարկումները

Ռուսաստանի Սևծովյան նավատորմի համար նախատեսված «Վարշավյանկա» նախագծի «Նովոռոսիյսկ» առաջին և գլխավոր դիզել-էլեկտրական շարժիչով սուզանավը հաջորդ շաբաթվանից դուրս կգա Սանկտ-Պետերբուրգից փորձարկման երկրորդ փուլի համար։

«Վարշավյանկա» նախագծի սուզանավերից

«Վարշավյանկա» նախագծի սուզանավերից

Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով պետական ռազմաարդյունաբերական հանձնաժողովի իր աղբյուրին։

Սուզանավն իր առաջին փորձարկումն արել է մայիսի 30-հունիսի 22-ին։
Ինչպես հաղորդում է աղբյուրը, սուզանավը Բալթիկ ծով դուրս կգա հուլիսի 20-21-ին և առաջիկա 4 օրվա ընթացքում փորձարկումներ կանցնի։ Փորձարկումների ժամանակ սուզանավի անձնակազմը ստուգելու է նավի համակարգերն ու մեխանիզմները, սպառազինությունը։ «Ադմիրալական նավաշինարան» վերադառնալուց և թերացումները շտկելուց հետո սուզանավը դարձյալ ծով դուրս կգա այս անգամ պետական փորձարկումների։ Որից հետո միայն «Նովոռոսիյսկը» պատրաստ կլինի նավատորմին հանձնելուն։

Նշենք, որ ավելի վաղ «Ադմիրալական նավաշինարանի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բուզակովը հայտնել էր, որ 636,3 նախագծի «ներկայացուցիչները» մեծ խորության փորձարկումներ են իրականացնելու Հյուսիսային նավատորմում։
Հավելենք, որ «Նովոռոսիյսկը» ջուրն էր իջեցվել 2013 թվականի նոյեմբերի 28-ին։

Ընդհանուր առմամբ, Սևծովյան նավատորմի համար նախատեսված է կառուցել 636 նախագծի 6 դիզել-էլեկտրական շարժիչով սուզանավ, որից վերջինը կհանձնվի 2016 թվականին։ Համապատասխան պայմանագիր ՌԴ պաշտպանության նախարարությունը ստորագրել է 2010 թվականին։

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիսի 26-ին Սանկտ Պետերբուրգի «Ադմիրալական նավաշինարանում» ջուրն է իջեցվել Ռուսաստանի ռազմածովային ուժերի համար նախատեսված թվով երկրորդ դիզել-էլեկտրական շարժիչով սուզանավը։ Այս սուզանավի կառուցումը սկսվել է 2011 թվականից և, ըստ նախնական պայմանավորվածության, այն պետք է շահագործման հանձնվի 2014 թվականի վերջում։

Այժմ կառուցման փուլում է «Ստարիյ Օսկոլ» անունը կրող մյուս սուզանավը։

«Վարշավյանկա» նախագիծն իրականացվում է Սևծովյան նավատորմի նավերը թարմացնելու համար։ Այս պահի դրությամբ ծառայություն են իրականացնում երկու սուզանավ՝ «Ալրոսան» և «Սուրբ Գեորգի իշխան» նավերը։ Վերջինս հիմա վերանորոգման և արդիականացման փուլում է։

Տեղեկացնենք, որ դիզել-էլեկտրական սուզանավերն աշխատում են երկու ձևով՝ դիզելային շարժիչով նավը աշխատում է ջրի մակերևույթով նավարկելիս, իսկ էլեկտրականով՝ ստորջրյա նավարկության ժամանակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *