Եռատոնի զորահանդես Արցախում, Տավուշի մարզի գյուղերի գնդակոծում. օրվա ամփոփում

Այսօր ՀՀ-ում և ԼՂՀ-ում տոնել են մայիսյան եռատոնը` Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումը և ԼՂ բանակի կազմավորումը: Ստեփանակերտի զորամասերից մեկում ֆիզպատրաստության ժամանակ զինծառայող է հանկարծամահ եղել: Ինքնասպանության դեպք է գրանցվել ՀՀ զորամասերից մեկում: Իսկ հակառակորդը անցած գիշեր գնդակոծել է Տավուշի մարզի որոշ գյուղեր:

  • 1992թ. մայիսի 8-9-ին իրականացվեց հայ ռազմարվեստի ամենափայլուն գործողություններից մեկը՝ Շուշիի ազատագրումը: Հետագայում տարբեր երկրների բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ ու մասնագետներ հիացմունք ու զարմանք էին արտահայտել, թե ինչպես հայերը կարողացան երկու օրվա գրոհով ազատագրել այդ անառիկ բերդաքաղաքը, որը երեք կողմից պաշտպանված է լեռներով ու անդունդներով:
  • Ստեփանակերտում կայացել է զորահանդես` նվիրված Շուշիի ազատագրման  եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի հիմնադրման 20-ամյակին, ինչպես նաեւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 67-րդ տարեդարձին: Կենտրոնական հրապարակով անցել են հետեւակները եւ զրահատեխնիկան, արագ արձագանքման, հրետանային, հակատանկային զորքերի, ստորաբաժանումները, հրետանային կրակի համակարգերը, հրանոթները: Ներկաների հատուկ ուշադրությանն են արժանացել  հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերը:
  • Երևանի Հաղթանակի զբոսայգում ևս նշվել է մայիսյան եռատոնը:
  • «Շուշիի ազատագրմամբ մեզ մոտ ամրապնդվեց այն հոգեբանությունը, որ մենք կարող ենք հաղթել թշնամուն: Այս հոգեբանությունը պետք է ամրապնդել մեր սերնդի մեջ»,- ասել է քաղաքագետ Նարեկ Գալստյանը:
  • Գեղարքունիքի մարզի N զորամասում զինծառայողներից մեկն իր ինքնաձիգով կոկորդից կրակել է իրեն, բարեբախտաբար, նա ողջ է մնացել: Սամվել Խաչատուրի Ավետիսյանը տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ:
  • Ստեփանակերտի զորամասերից մեկում` մայիսի 8-ին, մահացել է ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը: Նախնական տեղեկությունների համաձայն, վերջինս հանկարծամահ է եղել ֆիզպատրաստության ժամանակ:
  • Մայիսի 8-ին երեկոյան ժամը 21.00-ից մինչեւ գիշերվա 2-ը գնդակոծվել է Մովսես գյուղը, իսկ մինչ այդ` Չինարի գյուղը: Զոհեր եւ տուժածներ չկան, տուժել են գյուղի տները եւ տանիքները:
  • Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքում և ապատեղեկատվություն է համարում ադրբեջանական լրատվամիջոցների այն տեղեկատվությունը, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի Մարտունու հատվածում հայկական «դիվերսիոն» մի խմբավորում, երեկ առավոտյան, ադրբեջանական կողմ ներթափանցելու փորձ է արել, ինչի հետևանքով մեկ հայ զինծառայող է սպանվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *