Մեկնարկել է ռուս-հնդկական «Ինդրա-2014» զորավարժությունը

Հնդկաստանի ռազմածովային ուժերի մի ջոկատ ժամանել է Ռուսաստանի Վլադիվոստոկի նավահանգիստ` մասնակցելու համատեղ իրականացվող «Ինդրա-2014» ռազմածովային զորավարժությանը: Նախանշված է, որ զորավարժությունն անցնելու է Ճապոնական ծովի Պետրոս Մեծի ծոցում։

Հնդկական նավերը ժամանում են Վլադիվոստոկի նավահանգիստ

Հնդկական նավերը ժամանում են Վլադիվոստոկի նավահանգիստ

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով խաղաղօվկիանոսյան նավատորմի ներկայացուցիչ Ռոման Մարտովին։

«Հուլիսի 14-ին Վլադիվոստոկ են ժամանել Հնդկաստանի ռազմածովային ուժերի «Ռանվիջայ» ականակիրը, «Շավալիկ» ֆրեգատը և նավերի մատակարար «Շակթի» նավը։ Զորավարժության հիմնական նպատակը ծովում փոխգործակցության մշակումն ու իրականացումն է»,- հայտնել է Մարտովը։

Նա նշել է նաև, որ ռուսաստանյան կողմից մանևրներին մասնակցելու են «Վարյագ» հրթիռային հածանավը, «Ադմիրալ Վինոգրադով» հականավային մեծ նավը, ինչպես նաև «Պերեսվետ» դեսանտային մեծ նավը։

Հավելենք, որ զորավարժության ժամանակ մեծապես օգտագործվելու է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հնդկաստանի տախտակամածային ավիացիան։

Հուլիսի 14-17-ը առափնյա փուլն է իրականացվելու, ինչի ընթացքում կառավարման կետերը պլանավորելու են զորավարժության ակտիվ փուլը, որն էլ կանցկացվի հուլիսի 17-19։

Տեղեկացնենք, որ 2013 թվականին Հնդկաստանի «Մահաջան» զորավարժարանում անցկացվեց ռուս-հնդկական համատեղ «Ինդրա-2013» զորավարժությունը, որին ռուսական կողմից մասնակցում էին ՌԴ ԶՈւ արևելյան ռազմական օկրուգի դեսանտայինները։

2012-ին նմանատիպ զորավարժություն անցկացվել էր Բուրյաթիայի հանրապետությունում տեղակայված «Բուրդուն» զորավարժարանում։

Նշենք, որ ռուս-հնդկական զորավարժություններ իրականացվում են դեռևս 2012-ից ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հնդկաստանի տարածքում։ Բացի ռածմածովային զորավարժություններից, երկու երկրներն իրականացնում են նաև ցամաքային մանևրներ։

One response to “Մեկնարկել է ռուս-հնդկական «Ինդրա-2014» զորավարժությունը

  1. Pingback: Ավարտվեց «Ինդրա-2014» ռուս-հնդկական համատեղ զորավարժությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *