Ավարտվել է Իլ-38 հականավային առաջին ինքնաթիռի արդիականացումը

Ռուսաստանյան ավիաշինական հսկա՝ Իլյուշինի անվան միացյալ ավիաշինական կորպորացիայի մասնագետներն ավարտել են հականավային Իլ-38 ինքնաթիռի՝ պայմանագրով նախատեսված 5 միավորից առաջինի արդիականացումը։ Այս մասին հայտնող հաղորդագրությունը տեղադրված է կորպորացիայի պաշտոնական կայքում։

Իլ-38Ն ինքնաթիռն արդիականացումից հետո

Իլ-38Ն ինքնաթիռն արդիականացումից հետո

Արդիականացված ինքնաթիռն, ինչպես նաև պայմանագրով նախատեսված մյուս 4 ինքնաթիռները համալրելու են ՌԴ ռազմածովային ուժերի ծովային ավիացիայի ավիապարկը։

Նշվում է, որ արդիականացման արդյունքում առանցքային նորույթը, որով համալրվել է ինքնաթիռը՝ որոնողանշանառման Նովելլա-Պ-38 (ռուս.՝ Новелла-П-38) համակարգն է, որի շնորհիվ զգալիորեն մեծացել են ինքնաթիռի մարտավարական հնարավորությունները։ Համակարգի հավելմամբ ինքնաթիռի անվան մեջ ավելացել է նաև «Ն» ինդեքսը և այն դարձել է Իլ-38Ն։

Ինչ վերաբերում է բորտի անվանակոչմանը, ապա նշենք, որ կորպորացիայում այս հարցը համաձայնեցրել են ռազմածովային ուժերի հրամանատարության հետ ու անվանակոչել այն Ռադիյ Պոպլովսկու անունով, ով նշանավոր ավանդ ունի Իլ-38 ինքնաթիռի նախագծման և ստեղծման գործում։

Հավելենք, որ արդիականացված ինքնաթիռը նախատեսվում է հուլիսի 15-ին փոխադրել Եյսկ քաղաքի օդանավակայան, որտեղ էլ կկայանա հանձնման-ընդունման պաշտոնական արարողությունը։

Իլյուշինի կոնստրուկտորական բյուրոյում նախագծված Իլ-38 հականավային ինքնաթիռը շահագործման են հանձնել 1969-ին։ Այն նախատեսված է հակառակորդի սուզանավերի հայտնաբերման ու ոչնչացման համար։ Ինքնաթիռը կարող է օգտագործվել նաև որոնողափրկարարական աշխատանքների և ականային պատնեշների տեղադրման համար։ Մինչ օրս կառուցվել է այս ինքնաթիռի շուրջ 65 օրինակ։

7 հոգանոց անձնակազմ ունեցող ինքնաթիռը կարող է զարգացնել մինչև 650 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 8 000 մետր է։ Առավելագույն հեռավորությունը, որը կարող է անցնել ինքնաթիռը մեկ լիցքավորմամբ, 9 500 կմ է։ Սպառազինությունում Իլ-38-ն ունի ազատ անկման և ուղղորդվող հականավային ռումբեր, ինչպես նաև տորպեդներ և ծովային ականներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *