Ադրբեջանցիները գնդակոծել են Տավուշի սահմանամերձ գյուղերը

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում գիշերն անհանգիստ է եղել. ադրբեջանական կողմը՝ խախտելով հրադադարի ռեժիմը, մի քանի ժամ շարունակ գնդակոծել է հայկական գյուղերը։

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես և Չինարի գյուղերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանից ուղիղ գծով շուրջ 300-500 մետր հեռավորության վրա են, մշտապես հակառակորդի նշանառության տակ են։

Սահմանամերձ Մովսես գյուղի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանը Razm.info-ի հետ զրույցում ասաց, որ անցած՝ մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը, ադրբեջանական կողմը ժամեր շարունակ կրակել է գյուղի տների վրա։

«Գիշերը ժամը տասից մինչև ժամը երկուսը անընդմեջ կրակեցին, բարեբախտաբար զոհեր և տուժածներ չկան»,— ասում է գյուղապետը՝ հավելելով, որ անցած գիշերվա կրակոցներն ամենաուժգինն էին հրադադարի ռեժիմի պայմանագրից հետո։

«Ճիշտ է, միշտ էլ կրակում են, հատկապես այս տարի ավելի հաճախակի են դարձել կրակոցները, բայց այս գիշերվա պես դեռևս չէր եղել»,— նշեց Ապերյանը։

Գյուղապետի կարծիքով վերջին օրերի կրակոցները պայմանավորված են մայիսի 9-ի հետ, երբ Հայաստանում ու հատկապես Արցախում իր ծավալներով և հանդիսավորությամբ աննախադեպ զորահանդես է անցկացվելու՝ Շուշի քաղաքի ազատագրման, ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման 20-ամյակների և Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 67-ամյակի առթիվ։

«Մենք էլ էինք պատրաստվել տոնակատարությունների, մեծ համերգ էր լինելու գյուղում, բայց հավանաբար կհրաժարվենք որոշ միջոցառումներից, որպեսզի ավելորդ անգամ թշնամու համար թիրախ չդառնանաք»,— ասում է Ապերյանը։

Գյուղապետը տեղեկացնում է նաև, որ ադրբեջանական կողմն օրեր առաջ նույնիսկ օրը ցերեկով կրակ է արձակել մի խումբ գյուղացիների վրա, ովքեր գյուղի գերեզմանոցում թաղման արարողության էին մասնակցում։

«Հիմա էլ գյուղում մահացած կա, մեր գերեզմանոցն էլ ուղիղ իրենց դիրքերի ներքևում է, չգիտենք ինչ ենք անելու»,— ասաց Ապերյանը։

Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Հակոբ Իսրայելյանն Razm.info-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ գյուղի վրա կրակել են գրեթե մինչև լուսաբաց։

«Անընդհատ կրակում էին, հիմնականում ԴՇԿ-ով ու ՊԿ-ով։ Առավոտյան նույնիսկ մեր տան մոտ մի քանի ԴՇԿ-ի գնդակ կար ընգած։ Բայց դե մենք լույսերն անջատել ու քնել էինք, ի՞նչ անենք, արդեն սովորել ենք էս կրակոցներին»,— ասում է Իսրայելյանը։

One Response to Ադրբեջանցիները գնդակոծել են Տավուշի սահմանամերձ գյուղերը

  1. Pingback: Armenia Seems Content With Its Elections | The Armenian Observer Blog

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>