Մակեդոնիայի Մի-17 ուղղաթիռը վթարի է ենթարկվել. կա 4 զոհ

Հուլիսի 10-ին Մակեդոնիայում վթարի է ենթարկվել ոստիկանությանը պատկանող Մի-17 ուղղաթիռը։ Ուղղաթիռում այդ պահին գտնվող ուղևորներն ու օդաչուները զոհվել են։

Մի-17Բ5 մակեդոնական ուղղաթիռը վթարից հետո

Մի-17Բ5 մակեդոնական ուղղաթիռը վթարից հետո

Ինչպես հաղորդում է Altair.com.pl կայքը, վթարի ենթարկված ուղղաթիռը եղել է Մի-17Բ5 (կողային համարը՝ MAP-7712, շահագործվում է 2008-ից), այն ուսումնական թռիչք կատարելիս է եղել Սքոլյե-Կավադարաչի-Վալանդովո-Ստրումիցե-Բիերովո-Դելզեվո երթուղով։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ մոտ 20 ժամ 10 րոպե ուղղաթիռն օդում է եղել Ստրումիցե քաղաքի արդյունաբերական հատվածում, երբ բախվել է 140 մ բարձրությամբ ռադիոկայմին։ Բախման հետևանքով օդաչուն կորցրել է կառավարումը, ուղղաթիռը սկսել է ընկնել՝ դրա ընթացքում այրվելով։ Գրեթե լիովին այրված ուղղաթիռի 2 օդաչուներին, տեսուչին և ոստիկանական ստորաբաժանումներից մեկի հրամանատարին փրկվել չի հաջողվել։

Հիշեցնենք, որ Մի-17Բ դեսանտային-բեռնատար ուղղաթիռը Մի-8ՄՏ ուղղաթիռի մոդիֆիկացիաներից է, պատկանում է Մի-8 ուղղաթիռների ընտանիքին։ Այն արտադրվում է Մոսկվայի և Կազանի ուղղաթիռաշինական գործարաններում։ Նախատեսված է բեռների ու զինծառայողների փոխադրման համար, կարող է ունենալ նաև մարտական կիրառություն։

Դրա փորձնական նմուշի առաջին թռիչքը կայացել է 1995-ին, սերիական արտադրությունը մեկնարկել է 1996-ից։ Այն շահագործող երկրների շարքում են Ադրբեջանը, Չինաստանը, Հնդկաստանը։

Ուղղաթիռի առավելագույն արագությունը 250 կմ/ժ է, երկարությունը՝ 19 մ, բարձրությունը՝ 4.7 մ, լայնությունը՝ 2.5 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 13 հազար կգ, անձնակազմը՝ 3 հոգի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *