Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հուլիսի 13

Ուկրաինայի հարավ-արևելքում շրունակվում են բախումներն ապստամբների և ուկրաինացի ուժայինների միջև, որոնք վերջին շրջանում առավելություն են ստացել` գրավելով Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքները, որոնք համարվում էին ռուսամետ մարտիկների միջնաբերդը։ Այժմ հիմնական գործողությունները ծավալվում են Դոնեցկում և Լուգանսկում։ Հուլիսի 12-ին էլ լրանում պաշտոնական Կիևի` ապստամբներին ուղղված վերջնագրի ժամկետը:

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

Ուժայինները հակաահաբեկչական գործողության գոտում

Ուժայինները հակաահաբեկչական գործողության գոտում

23։59-Հարավ-արևելքում հակաահաբեկչական գործողությունը համակարգող շտաբից Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին զեկուցել են, որ Լուգանսկում օրվա երկրորդ կեսին սկսված ինտենսիվ մարտերի արդյունքում ուժայիններին հաջողվել է գրանցել առաջխաղացում։ Որպես դրա արդյունք վերահսկողություն է սահմանվել Լուգանսկի օդանավակայանի նկատմամբ։ 

22:00Ապստամբները հայտարարել են, թե Գոռլովկա բնակավայրի մոտ իրենց հաջողվել է խոցել Ուկրաինայի ռազմաօդային ուժերի 2 Սու-25 գրոհիչ։ Ապացույցներ լուսանկարների տեսքով ապստամբները տրամադրել չեն կարող, քանի որ ինչպես իրենք են հայտնում, խոցված գրոհիչներն ընկել են ուժայինների կողմից վերահսկվող տարածքում։

18։25-Իգոր Ստրելկովը լրատվամիջոցներին հայտնել է, որ ներկա պահին թեժ մարտեր են ծավալվել Լուգանսկի մատույցներում, որտեղ հակառակորղը մարտի է դրել շուրջ 70 տանկ։ Ապստամբ ուժերի հրամանատարի խոսքերով, կա նաև դեռևս չհաստատված տեղեկություն այն մասին, որ ուկրաինական հատուկ նշանակության ստորաբաժանումները օդային ճանապարհով դեսանտ են իջեցվել հենց քաղաքի կենտրոնում։

17։40-Ապստամբ ուժերի հրամանատար Իգոր Ստրելկովը լրատվամիջոցներին հայտնել է, որ հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը Դոնեցկի շրջանի Կառլովկա բնակավայրի մոտ իրենց հաջողվել է ոչնչացնել ուկրաինական բանակի Գրադ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։

17։00-Համացանցում հայտնվել է 2014-ի հուլիսի 13-ով թվագրված տեսանյութ, որում տանկերի և զրահատեխնիկայի շարասյուն է անցնում Լուգանսկի կենտրոնական պողոտաներից մեկով։ Նշենք, որ Լուգանսկը դեռևս վերահսկում են ապստամբները։


16։00-Կիևն ի պատասխան Ռոստովի շրջանում պայթած արկերի միջադեպին հայտարարել է, որ իր ուժայինները դրանում որևէ մասնակցություն չունեն ու կատարվածի համար պատասխանատվություն են կրում բացառապես ապստամբները։

14։40Միանգամից 2 պայթյուն է որոտացել Օդեսայում՝ ուկրաինական «Պրիվատբանկ»-ի մասնաճյուղերում։ Միջադեպը գրանցվել է գիշերվա ուշ ժամին, ինչի շնորհիվ էլ հնարավոր է եղել խուսափել զոհերից։

13։55Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել թույլ չտալ անչափահասների դուրսբերումն Ուկրաինայից Ռուսաստան, քանի որ այնտեղ վերջիններիս իրավունքները խախտվում են։ Դրան ի պատասխան ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը թվիթերյան իր միկրոբլոգում նշել է՝ օմբուդսմենը հավանաբար գերադասում է, որ երեխաները մնան Ուկրաինայում ու ընկնեն ռմբակոծության տակ։

12։30Հակաահաբեկչական գործողության գոտի է գործուղվում նաև ուկրաինական «Լվով» գումարտակը։ 150 հոգանոց զորաջոկատի մարտիկներն արդեն տվել են երդում ու այժմ Դոնբասի ճանապարհին են։

11։50Ռուսական կողմն ավելի հաճախ է տեղեկացնում Ռոստովի շրջանում Ուկրաինայի տարածքից ընկած արկերի մասին։ Հուլիսի 13-ին շրջանային ղեկավարության տվյալներով, այդպիսի արկերի թիվը 7-ն է։ Պայթյունների հետևանքով զոհեր և տուժածներ չկան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *